Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն այսօր կհրապարակի 11 տարի առաջ Չարենցավանում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա աշակերտի գործով վճիռը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակելու է 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը:

Անցած տարիներին որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել երեխայի մահվան համար։ Այդ պատճառով էլ աշակերտի հարազատները տարիներ առաջ դիմեցին ստրասբուրգյան դատարան։

Երեխայի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը համոզված է, որ եվրոպական դատարանը բավարարելու է իրենց գանգատը։ «Հիմնական գանգատը վերաբերում էր կյանքի իրավունքին, որի բաղադրիչներից կարևորագույնը, որ պետք է սույն կողմից կատարված քննությունը հանգեցնի մեղավորների բացահայտմանը և պատշաճ պատժի նշանակմանը, տվյալ դեպքում տեղի չէր ունեցել», - ասաց Զալյանը։

Երեխայի հարազատները ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատում պնդել են՝ Դերենիկը մահացել է դպրոցի տնօրենի ու ուսուցիչների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետևանքով, երբ երեխան նրանց հսկողության տակ է եղել։ Հարզատները մեղադրել են նաև իշխանություններին, որոնք, ըստ նրանց, չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել։

Ըստ նախաքննական մարմնի, սակայն, ուսուցիչը չէր կարող կանխատեսել Դերենիկի կյանքին սպառնացող վտանգը դասասենյակից դուրս գալիս, իսկ Դերենիկի հետ վիճաբանած երկու աշակերտի հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվել, որովհետև նրանք անչափահաս են եղել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, երեխան վատառողջ է եղել, և ստացած հարվածները կարող էին նպաստել նրա մոտ էպիլեպսիկ նոպայի առաջացմանը, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Երեխայի տատը 2015 թվականին «Ազատությանը» ասել էր, որ չի ընդունում այս բացատրությունը, պնդել էր, որ դատաբժիշկները չեղած հիվանդություններ են վերագրել թոռանը, մինչդեռ իրականում երեխան մահացել է քունքին ստացած հարվածից:

Դպրոցական ծեծկռտուք՝ մահացու ելքով
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00
Ուղիղ հղում

Փաստաբան Արայիկ Զալյանն ասում է, եթե ՄԻԵԴ-ը բավարարի իրենց գանգատը, ապա դա կարող է հիմք դառնալ Դերենիկ Գասպարյանի գործի վերաբացման համար. դա օրենքով է ամրագրված։

«Եվրոպական դատարանի որոշումները կարող են լինել նախադեպեր, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կամ այն պետությունում, որ պետության վերաբերյալ, որ կայացվել է որոշումը, օրենսդրական փոփոխություններ լինեն, պրակտիկ փոփոխություններ լինեն նաև այդ փոխհատուցումները։ Իսկ գործի վերաբացումը մեր օրենսդրությամբ ամրագրված է», - ասաց փաստաբան Արայիկ Զալյանը։

XS
SM
MD
LG