Մատչելիության հղումներ

Վախճանվել է «ռուսական ռոքի հայր» Ալեքսանդր Գրադսկին


Երաժիշտ Ալեքսանդր Գրադսկին
Երաժիշտ Ալեքսանդր Գրադսկին

Անցած գիշեր Մոսկվայում 72 տարեկանում վախճանվել է անվանի երաժիշտ, երգիչ և երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին:

Ազգականների փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տանը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, նրան շտապօգնության մեքենայով փոխադրել են հիվանդանոց, որտեղ էլ երաժիշտը մահացել է, ենթադրաբար՝ ուղեղի կաթվածից:

Գրադսկուն անվանել են «ռուսական ռոքի հայր»: Նա սկսել է ստեղծագործել խորհրդային ժամանակշրջանում, համագործակցել է 1960-70 թվականների խորհրդային առաջին ռոք խմբերի հետ, հետո ինքն է խմբեր հիմնել:

Գրադսկին հեղինակել է ավելի քան 200 երգեր: Գրել է մի շարք ռոք օպերաներ և երաժշտություն խորհրդային ու ռուսական ֆիլմերի համար:

Ռուսաստանյան ռադիոյում և հեռուստատեսությունում նա վարել է երաժշտական հաղորդումներ և որպես ժյուրիի անդամ մասնակցել է հեռուստատեսային երաժշտական մրցույթներին ու շոուներին, որոնցից ամենահայտնին «Գոլոս» ծրագիրն է:

2011 թվականին հրատարակել է երգերի տեքստերի, պատմվածքների և լիբրետոների գիրքը, 2015-ին լույս է տեսել Գրադսկու բանաստեղծությունների ժողովածուն:

Ալեքսանդր Գրադսկու մահվան կապակցությամբ նրա ազգականներին և բարեկամներին ցավակցություն են հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ռուսաստանցի անվանի քաղաքական, հասարակական գործիչներ և արվեստագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG