Մատչելիության հղումներ

Պահեստազորի եռամսյա հավաքի մասնակիցը պատմում է վատ կահավորված դիրքերի մասին


Հայաստանում անցկացվում է պահեստազորի վարժական հավաքների ևս մեկ փուլ, մեկնարկել է նոյեմբերի 19-ին, կավարտվի ուղիղ մեկ ամսից, այս մասին հայտնի դարձավ անցյալ շաբաթվա կառավարության գրավոր որոշումից, որն ընդունվեց հավաքի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ։

Արդյոք մասնակիցները տեղեկացվե՞լ էին կառավարության որոշումից առաջ, թե՞ մեկնելուց ընդամենը ժամեր առաջ, այս և մի շարք այլ հարցեր Պաշտպանության նախարարությանն «Ազատությունը» հղել է գրավոր, առայժմ պատասխան չենք ստացել։ Մինչ այդ, հայտնի է, որ հավաքների այս փուլին մասնակցում է 202 քաղաքացի, իսկ նախորդ փուլի՝ եռամսյա հավաքների մասնակիցները զորացրվել են երեկ, հայտնեց Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը։

«Եռամսյա հավաքներում ներգրավված բոլոր անձնակազմը ամսի 25-ի կառավարության որոշմամբ զորացրված են», - նշեց Ավթանդիլյանը:

Եռամյսա հավաքները մեկնարկել էին օգոստոսի 25-ին, դրանց մասնակցեցին շուրջ 2 հազար՝ բանակից տարիներ առաջ զորացրված ու պահեստազորի անդամներ դարձած մարդիկ՝ շարքայինից մինչև սպաներ։ Նրանցից մեկն Արմեն Վարդանյանն է, բանակում ծառայել էր 2003-2005 թվականներին, դրանից հետո՝ արդեն վերջին 3 ամսում, երեկ է Սյունիքից վերադարձել Երևան։ Երկրորդ ծառայությունն, ասում է, ժամանակի կորուստ չի համարում:

«Բոլորի համար էլ, կարծում եմ, օգտակար էր, և պետությունը պետք է այս եռամսյա զորահավաքները շարունակական դարձնի, ավելի կատարելագործի: Դե, օրինակ, ես ծառայել էի շատ վաղուց՝ 2003-5 թվականներին, բաներ կային, որ մոռացել էի, նոր բաներ կային, որ պետք է սովորեի», - ասաց Վարդանյանը:

Եթե պետական հաստատություններում աշխատող պահեստազորայինները աշխատանքի վայրերում խնդիրներ չունեին, ապա մասնավոր ոլորտի գործատուները դժվարությամբ էին պահպանում Զինված ուժեր կանչված տղամարդկանց աշխատատեղերը, ինչպես նաև չէր լուծվել վարկերի հարցը, թեև մինչև հավաքները քննարկվում էր վերապատրաստման մասնակիցները վարկերը 3 ամսով սառեցնելու հարցը, պատմում է Վարդանյանը։

«Պետք է երկու ամիս սարքել ու ավելի շատ մարդկանց ներգրավել, որովհետև ամեն դեպքում երեք ամսով տնից բացակայելը շատ է, նաև աշխատանքի հետ կապված խնդիրներ ես ունենում, եթե մասնավոր տեղեր ես աշխատում, այս հարցով պետությունը միշտ չէ, որ կարողանում է պաշտպանել մեզ», - նշեց Արմեն Վարդանյանը:

Սյունիքի այն զորամասում, որտեղ վերապատրաստվել է Վարդանյանը, մոտ 350 հոգանոց գումարտակի մեծ մասը հենց պահեստազորայիններ էին։ Նախ որոշ ժամանակ թարմացրել են գիտելիքները, մասնակցել վարժանքների, ապա նաև գնացել են դիրքեր՝ մարտական հերթապահության, վճարվել ինչպես Զինված ուժերի մյուս ներկայացուցիչները՝ կախված կոչումներից։

Վարդանյանն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմաններն այնքան են երկարել, որ պաշտպանությունն այժմ գրեթե անհնար է իրականացնել եղած ռեսուրսներով. - «Տարբեր տարիքային, նույնիսկ մինչև 54 տարեկան մարդիկ կային կոնկրետ մեր գումարտակում, 22-54, հիմնականում միջին տարիքի՝ 35-40, բայց նաև կային 52-53 տարեկաններ»:

Միանգամից առաջարկում է պահեստազորի վերապատրաստման հաջորդ փուլերն ավելի կարճ անցկացնել, ինչը հնարավոր կդարձնի նաև ավելի մեծ թվով մարդկանց ներգրավումը. - «Գոնե մեր տեղամասում մենք կարողացել ենք պահել սահմանները, որևէ խնդիրներ չի եղել, այս հարցը լուծվեց: Հաջորդ հարցը՝ մարդիկ կային, ովքեր հետագայում պայմանագիր կնքեցին Պաշտպանության նախարարության հետ, նույնիսկ սպաներ, ովքեր պահեստազորի սպաներ են եղել, արդեն դիմումներ գրեցին, որ երեք տարով նոր պայմանագիր կնքեն և ներգրավվեն արդեն բանակի մեջ, լինեն սպաներ, այդպիսի մարդիկ էլ կային»:

Ամփոփելով հավաքների արդյունքները՝ Վարդանյանն ասում է, որ այս վարժանքները դարձան սպաների հավաքագրման ևս մի եղանակ, բացի այդ՝ պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքների հարյուրավոր բնակիչների հնարավորություն տրվեց ձեռք բերել գիտելիքներ, որոնք կարող են պիտանի լինել հնարավոր պատերազմի դեպքում։

15 տարվա ընդմիջումից հետո Վարդանյանի համար բանակում մեծ փոփոխություն էր սննդի որակը, իսկ իր նկատած ամենամեծ խնդիրը նոր սահմանային դիրքերի վիճակն էր։

«Ես լավ պատրաստված դիրքեր չեմ տեսել, բոլորը դեռևս անմխիթար վիճակում են գտնվում, իհարկե, որոշ քայլեր արվում են, բայց կարծում եմ, պետք է արագ տեմպերով ամրաշինական, ինժեներական աշխատանքներ կատարվեն», - ընդգծեց Արմեն Վարդանյանը:

Կոնկրետ այն զորամասը, որտեղ ծառայել է Վարդանյանը, պահպանել է 25 ավելի դիրք, 44-օրյա պատերազմից հետո 1 տարվա ընթացքում այստեղ ամրացման լուրջ աշխատանքներ չեն արվել, շինարարական տեխնիկա գրեթե չի աշխատել. - «Ես նաև հեռադիտակով նայում էի ադրբեջանական դիրքերը, այնտեղ ամեն դիրքում 4-5 տեխնիկա էր աշխատում, նաև բետոնապատում էին դիրքերը՝ ավելի պաշտպանված լինելու համար, իսկ այդ առումով մեր վիճակն իրոք անմխիթար էր, և հույս ունեմ, որ այս ուղղությամբ աշխատանքները ավելի կինտենսիվանան»:

XS
SM
MD
LG