Մատչելիության հղումներ

Ուսուցչից մեղադրյալ. Հակոբ Գրիգորյանը զղջում է Փաշինյանի հասցեին բռնության կոչեր և վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար


Դպրոցից դատարանում ամբաստանյալի աթոռին հայտնված Հակոբ Գրիգորյանը զղջում է ամիսներ առաջ դասի ժամին աշակերտների մոտ վարչապետի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ, բռնության կոչեր ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

59-ամյա արդեն նախկին ուսուցիչն իր գործով դատական առաջին նիստին դատարան էր եկել շփոթված, առանց փաստաբանի։ Գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին խնդրեց իրեն տալ նյութերը, որ ծանոթանա, ասաց՝ անցած ամիսներին քննիչներն այդպես էլ իրեն չեն ծանոթացրել իր մեղադրանքն ապացուցող փաստաթղթերին։

«Չէի պատկերացնում, որ էս օրն էլ կընկնեմ, դե ոչինչ թուրքից, որ չեմ վախեցել, կռվել եմ, էլ դատարանից ինչի՞ պիտի վախենամ: Ես շատ եմ խնդրում, հարգելի դատարան, հաշվի առնել, որ ես արդեն կես տարուց ավելի է չեմ աշխատում, սոցիալապես վատ վիճակում եմ, ինձ տրամադրեք դատապաշտպան և գործի նյութերն էլ տվեք, որ ծանոթանանք», - ասաց Գրիգորյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախաքննության փուլում Հակոբ Գրիգորյանը չի առարկել իրեն առաջադրված մեղադրանքին։

Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը մեղադրվում է անցած մայիսին դասի ընթացքում 7-րդ դասարանի աշակետների հետ վարած ներքաղաքական և հետպատերազմյան թեմաներով զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի, կնոջ, զավակների նկատմամբ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Վիրավորական արտահայտություններով համեմված զրույցը ձայնագրվել և տարածվել էր համացանցում։ Հայտնի չէ, թե ով է ձայնագրել ուսուցչին և ուղարկել իրավապահներին։

«Ազատությանն» այսօր չհաջողվեց դպրոցի տնօրենի հետ զրուցել, նա աշխատավայրում չէր։

Թեև տեսախցիկի առաջ Գրիգորյանը չցանկացավ խոսել, բայց «Ազատությանն» ասաց՝ մեղքն ընդունել է, սեփական կամքով դիմում է գրել ու դուրս եկել բոլոր երեք աշխատատեղերից։ Ուսուցչից մեղադրյալ դարձած Գրիգորյանն իր արարքը դատարանի առաջ բացատրում էր 44-օրյա պատերազմով, հատկապես մոր ծննդավայրի՝ Հադրութի անկմամբ։

«Մամայիս հետ եմ ապրում, էդ որ թուրքերը Հադրութի հուշարձանը, դպրոցը, գերեզմանը պատերազմում սաղ այրեցին, դա իմ վրա շատ ազդեց, որ ես այդպիսի կարծիք հայտնեցի: Ես Ղարաբաղում կռվել եմ, ոտից վիրավորվել եմ, Եղնիկներում եմ կռվել, բայց ես լացող տղամարդ չեմ, ինչ կա էն եմ ասում, հարգելի դատարան, գիտեմ, որ մեղքի բաժին էլ ունեմ», - նշեց Հակոբ Գրիգորյանը:

«Կարծում, որ եթե դա այլ ուղղությամբ լիներ հնչեցրած, այլ որևէ մեկի նկատմամբ, գուցե և չլիներ այսպիսի արձագանք». Իրավապաշտպան

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ մեղքն ընդունած ու զղջացող ուսուցչին մեղմ պատիժ նշանակելու հարցում կարևոր դեր ունի դատավորը։ Ցավոք, դատական համակարգում կան դատավորներ, որոնք տարբեր ժամանակներում կարողանում են հաճոյանալ գործող իշխանություններին, նկատում է իրավապաշտպանը։

«Մեր համակարգը, ցավալիորեն, գործում է շատ հստակ ընդգծված խտրական վերաբերմունքը դրսևորված: Ես էլ եմ կարծում, որ եթե դա այլ ուղղությամբ լիներ հնչեցրած, այլ որևէ մեկի նկատմամբ, գուցե և չլիներ այսպիսի արձագանք», - ասաց Կարապետյանցը:

Իրավապաշտպանը հիշում է, թե որքան քաղաքականացված էին ուսուցիչները հեղափոխությունից առաջ հօգուտ իշխանությունների, ընդգրկվում էին նախընտրական գործընթացներում, զբաղվում քարոզչությամբ։ Կարապետյանցի կարծիքով, նման երևույթները պետք է բացառել կրթական հաստատություններում, թեև ուսուցիչը ևս ունի իր տեսակետը, բայց դասի ժամին պետք է զերծ մնա վիրավորական արտահայտություններից ու սպառնալիքներից։

«Ցավում եմ, բայց գուցե մարդկայնորեն կարելի է հասկանալ ինչ-որ կորուստների արդյունքում, մարդկայնորեն ինչ-որ ապրումների հետ կապված հասունացել է այդ զգացմունքը, բայց ամեն դեպքում ուսուցիչը պետք է մաքսիմալ զուսպ ու հավասարակշռված լինի, նա կարող է ունենալ այլ տեսակետ, կարող է այլ տեսակ շարադրել, սկզբունքորեն ու կոնցեպտուալ տարբերություն լինի գործող իշխանությունների հետ այլ տեսակ ունենալու հետ, իրադարձությունների մեկնաբանության մեջ այլ տեսակետ ունենալ, բայց սպառնալիք, հայհոյանք ու վիրավորանք չի կարող հնչել ուսուցչի կողմից, դա բացառված տարբերակ է», - ընդգծեց Նինա Կարապետյանցը:

Եթե դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչի պատմության ուսուցչին, ապա նա կամ կդատապարտվի 1-3 տարվա ազատազրկման, կամ՝ մինչև 3 ամիս կալանքի, կամ էլ կտուգանվի առավելագույնը 300 հազար դրամով։

XS
SM
MD
LG