Մատչելիության հղումներ

Նվագախումբը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում. Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նորանշանակ տնօրեն


Նորայր Նազարյան
Նորայր Նազարյան

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի գործառույթները կատարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։ Եվ ահա արդեն գրեթե մեկ ամիս է, նվագախումբը նոր տնօրեն ունի։ Այս պաշտոնը ստանձնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Նորայր Նազարյանը։

«Ազատության» հետ զրույցում Նազարյանն այսօր ասաց. - «Անշուշտ խնդիրները շատ մեծ են։ Ինչպես մեր երկրում յուրաքանչյուր մշակութային կազմակերպության և ընդհանրապես ոլորտների հետ կապված բավականին ծավալուն խնդիրներ կան։ Էս պահի դրությամբ ծանոթանում եմ իրավիճակին, ուժեղ և թույլ կողմերն եմ գնահատում, ինչ կարելի է ստեղծել, ինչ կարելի է ունենալ։ Գեղարվեստական մասի պատասխանատուի հետ, մաեստրոյի հետ քննարկում ենք ապագա ծրագրերը, մյուս տարվա պլանները, և դրանից բացի, շենքի հետ կապված ինչ խնդիրներ ունենք, որ կարողանանք հավուր պատշաճի մեր հանդիսատեսին ընդունել»։

Հարցին, թե ինչ ստեղծագործական ծրագրեր կան, Նազարյանն արձագանքեց. - «Դե ես ընդհանուր աշխատանքներն եմ համակարգում, գեղարվեստական ղեկավարի հետ միասին ընտրում ենք ծրագրեր, այսինքն՝ պլանավորում ենք ամբողջ տարին, և ըստ առաջնահերթության, սկսում ենք առաջիկա համերգների հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնել։ Լավ, պրոֆեսիոնալ թիմ կա, որոնց միջոցով, կարծում եմ, հնարավոր է ամեն ինչի հասնել։ Չնայած որ, գիտեք, այսօր մեր երկրում բավականին դժվար իրավիճակ է՝ պատերազմից հետո, էս քովիդի ժամանակահատվածում։ Տոմսերի հետ կապված, հանդիսատեսը շատ դժվար ա էս պահին հաճախում համերգասրահներ, թատրոններ, բայց կարծում եմ, որ առաջիկայում ամեն ինչ կընկնի իր տեղը»։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մինչև տարեվերջ հանդես կգա երկու հոբելյանական համերգով՝ նոյեմբերի 30-ի համերգը նվիրված է Ստաս Նամինին, իսկ դեկտեմբերի 5-ի համերգը՝ Անրի Վեռնոյին։ Դեկտեմբերի 10-ին էլ նախատեսված է համերգ այս մեկ տարվա ընթացքում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին։ Տարին կամփոփեն ամանորյա համերգային ծրագրերով։

Հաջորդ տարի էլ, ինչպես և նախորդ տարիներին, նվագախումբը նախատեսում է թե' հյուրընկալել անվանի երաժիշտների, թե' նաև մեկնել հյուրախաղերի։

«Նվագախումբը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, իսկ այդ բարձր մակարդակի վրա գտնվելու մեծ գրավականն է նաև մաեստրոյի հետևողական աշխատանքը, որ աշխարհի տարբեր տեղերից մեծանուն երաժիշտներ, դիրիժորներ համագործակցում են նվագախմբի հետ։ Եվ կարող եմ հստակ փաստել, որ այսօր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Նաև դահլիճը կուզենայի, որ էդ մակարդակի վրա լիներ»։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը երկար տարիներ աշխատել է Կամերային երաժշտության տանը, որը 2018-ից վերակազմավորվեց որպես Կամերային երաժշտության ազգային կենտրոն, և որի ղեկավարությունը ստանձնելով Նորայր Նազարյանը բազմաթիվ ուշագրավ ծրագրեր է իրականացրել։ Մինչ այդ էլ 2011 թվականից զբաղեցրել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը։

Զրույցի ավարտին նա ասաց. - «Կամերային երաժշտության տունը իմ համար շատ կարևոր է, շատ հոգեհարազատ է։ Էնտեղ էլ բավականին մեծ խնդիրներ կար, բայց մենք հաստատուն քայլերով հսկայական աշխատանք է տարվել։ Եվ նույնը ուզում եմ մեծ ցանկությամբ իրականացնել էստեղ, մեր ընդհանուր աշխատակազմի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG