Մատչելիության հղումներ

Յոթերորդ անգամ Երևանը կհյուրընկալի աշխարհահռչակ ջազմեններին


Աշխարհահռչակ բաս կիթառ Ռիշար Բոնայի համերգով մեկնարկեց YEREVAN JAZZ FEST-2021 7-րդ միջազգային փառատոնը, որը կամփոփվի դեկտեմբերի 6-ին մեկ այլ աշխարհահռչակ ջազմենի՝ հարվածային գործիքների մեծ վարպետ Բիլլի Քոբամի և նրա նվագախմբի համերգով։

Երևանյան ջազային այս փառատոնը շատ սիրված է մեր համաքաղաքացիների կողմից, որոնց փառատոնի օրերին հնարավորություն է տրվում ունկնդրել աշխարհի տարբեր երկրներից ժամանող հրաշալի ջազմենների։

«2015 թվականից փառատոնը սկիզբ առավ, և ամեն տարի մեծ խանդավառությամբ, ուրախությամբ սպասելով այս տոնին և կազմակերպելով այն, մենք արդեն յոթերորդ անգամ ենք դա կազմակերպում... Չնայած որ այս տարի մի տեսակ կիսատ զգացողություն ունենալով, հաշվի առնելով այս պատերազմական օրերը, այն պատերազմը, որ անցավ, այս պանդեմիայի հետևանքները, կար նաև կարծիք, որ այս տարի չկազմակերպենք այն։ Ես իմացա, թե ինչպիսի հակադարձ եղավ այդ ամենին, որ դա մշակույթ է, և մշակույթը եթե չլինի և չկազմակերպվեն նմանատիպ միջոցառումներ, ընդհանուր առմամբ ավելի վատ իրավիճակ կարող է լինել մարդկանց մոտ, հոգեբանական և մնացած մյուս մասերով։ Եվ ընդհանուր մի ժողովի ժամանակ եկանք բոլորս մի եզրակացության, որ այո, պետք է կազմակերպել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանը։

Ուշագրավ է, որ ջազային այս միջազգային փառատոնը իրականացվել է միմիայն կազմակերպիչների անձնական կապերի և միջոցների շնորհիվ. - «Այս տարի որևէ ձևով Մշակույթի կամ պետական որևէ կազմակերպություն չեն աջակցել։ Այն պարզ պատճառով, որ ես չեմ դիմել, ու ամբողջությամբ այս տարի փառատոնը կազմակերպվել է իմ և իմ ընկերների, մեր գործընկերների միջոցով»։

Կամո Մովսեսյանն ընդգծեց, որ այս փառատոնը հնարավորություն է տալիս աշխարհահռչակ ջազային երաժիշտներին պատկերացում կազմելու թե' Հայաստանի, թե' հայկական արվեստի ու մշակույթի մասին, ինչը շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում. - «Իրենց մոտ էլ կարծիք ձևավորվի, որ եթե որևէ այլ տեղ կարծիք կլինի, կասի՝ չէ, հայերն այս ազգն են, ու ես էնտեղ եղել եմ, ու իրենք ունեն... ոնց որ Մարկուս Միլլերն էր միշտ ներկայացնում, ոնց որ Ռիչարդ Բոնան էր միշտ ներկայացնում, որովհետև իրենք գալիս են Հայաստան և չեն պատկերացնում, որ այսպիսի հարուստ մշակույթով երկիր է։ Դա ոչ թե իրենց խնդիրն է, այլ խնդիրը մերն է, որ մեր արժեքները ճիշտ ձևով չենք կարողանում ներկայացնել, արժանի ձևով չենք կարողանում ներկայացնել այն հարստությունը, որ մենք ունենք։ Ու երբ որ հարց է գալիս մշակույթի մասով բյուջեում, ու դա հիմիկվա մասին չէ, այլ միշտ այդպես է եղել, միշտ մշակույթը այն վերջին կետն է եղել, որտեղ միշտ հնարավորություն են ունեցել կրճատել»։

Հավելենք, որ դեկտեմբերի 2-ին փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը նվիրված է լինելու Առնո Բաբաջաբյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Կհնչեն մեր լավագույն ջազմեններից Վահագն Հայրապետյանի բաբաջանյանական ստեղծագործությունների ջազային մշակումները Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ։

«Շատ հետաքրքիր երեկո է սպասվում», - ասաց Մովսեսյանը։ - «Իհարկե Վահագն Հայրապետյանի մեծ աշխատանքը... Շնորհակալություն ասեմ, որ ինքը իր նվիրյալ աշխատանքով հնարավորինս տարածում է ջազը, և ոչ միայն Հայաստանում։ Հենց հիմա ինքը Նյու Յորքում է, իրեն հրավիրել են այնտեղ ներկայացնելու իր ստեղծագործությունները, ինչի համար ես շատ հպարտ եմ։ Սա այն ծրագիրն է, որ ինքը ցանկացած բեմում կարող է ելույթ ունենալ։ Գալիս-վերադառնում ենք այն հարցին՝ Մշակույթի նախարարության։ Եթե ունենք այսպիսի որակյալ պրոդուկտ, բարձրակարգ, որտեղ հանդես են գալիս ամենաբարձր մակարդակի երաժիշտներ, պետք է հայկական մշակույթը, այս դեպքում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը ջազային ոճի մեջ ներկայացնենք տարբեր փառատոներին։ Եթե պետությունը ինքը իրանով կհասկանա, թե փառատոնն ինչ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և առավել ևս Երևանի համար, կգա այդ մի օրը, կարծում եմ, որ կհասկանան, կհամագործակցենք։ Ոչ մի անգամ ես էլ խնդրանքի կամ այլ ձևով չեմ դիմելու։ Ոմանք երևի թե մտածում են, որ սա բիզնես ա։ Սա բիզնես չի, YEREVAN JAZZ FEST-ը բիզնես չի, Ջազի միջազգային օրը դա բիզնես չի։ Մենք տասը տարի անընդմեջ արել են Ջազի միջազգային օրը։ Միակ տարին այս տարին է, որ չենք արել... չենք հասցրել։ Եթե մեզ նախօրոք ասեին, որ քաղաքապետարանը չեղարկելու է այդ օրը, մենք մեր ուժերով կկազմակերպեինք, ոնց որ YEREVAN JAZZ FEST-ն ենք անում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG