Մատչելիության հղումներ

«Հայ Ֆեստ»-ն այս տարի կանցկացվի միայն առցանց, բայց ուշագրավ ձևաչափով


Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Հայ Ֆեստ» միջազգային թատերական 19-րդ փառատոնի բացումը, որը կուղեկցվի հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքների, բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսով։

Այս տարի «Հայ Ֆեստ»-ը նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին, իսկ բեմական տարածքներով սկսած հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը շրջելու գաղափարը հենց նրան էր պատկանում, սակայն նա չի հասցրել իրականացնել այն, և նախապես ծրագրվածի համաձայն` այն կյանքի է կոչել Հրաչ Քեշիշյանը։ Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ի դեմս Մարինե Հարոյանի։ Ցուցահանդեսը կտևի մինչև փառատոնի ավարտը՝ նոյեմբերի 24-ը։

Այս տարի համավարակի պատճառով «Հայ Ֆեստ»-ը կանցկացվի միայն առցանց, բայց շատ ուշագրավ ձևաչափով։ Հյուրեր չեն ունենալու, փառատոնից առաջ հրավիրված ասուլիսին հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Արթուր Ղուկասյանը: Նույն Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում փառատոնի մեկնարկը կազդարարվի ամերիկյան Arlekin Players թատրոնի Անտոն Չեխովի «Բալենու այգին» պիեսի հիման վրա ստեղծված առցանց ներկայացմամբ, որին ցանկության դեպքում հանդիսատեսն իր սմարթֆոնով կարող է անգամ ինտերակտիվ մասնակցությունն ունենալ։

Փառատոնի ընթացքում տեղի կունենան նաև վարպետության դասեր՝ կրկին առցանց, հիմնականում ուսանողների համար. «Իհարկե, կարելի է գրանցվել, գալ և դիտել, այսինքն` չկա սահմանափակում, որ եթե դու ուսանող չես, իրավունք չունես նայելու: Եվ մենք ամսի 23-ին նաև կունենանք կոնֆերանս, որը վերաբերում է տեխնոլոգիաներին, ուշադրություն դարձրեք այդ տեխնոլոգիաներին թատրոնում կատարողական արվեստին, որովհետև մեզ մոտ կատարողական արվեստների փառատոն է, և թե ինչպես է պանդեմիան ազդում հիմնական բացասական, բայց ինչ-որ դրական բաներ էլ կան, որ մարդիկ փորձում են հաղթահարելով այս ամենը` չդոփել տեղում և ասել, որ թատրոնը կենդանի է, ժամանակակից է թատրոնը:

Եվ ինչպես անել, երբ որ կան սահմանափակումներ, ինչ անել, որ հորինեն նոր բաներ, ինչ անել, որ լինել թրենդների մեջ, նույնիսկ առաջատար լինել: Իսկ «Հայ Ֆեսթը» առաջատար փառատոն է Հայաստանի: Դրա համար մենք ընտրել ենք այս ձևաչափը», - ներկայացրեց Արթուր Ղուկասյանը:

Ըստ նրա` սա հնարավորություն է խոսել և խոսել այն մասին` ինչը ոչ միայն իրենց է հետաքրքրում, այլև հանդիսատեսին` «բարձրացնելով հանիսատեսին, դարձնելով նրան ավելի պրոֆեսիոնալ, ավելի ակտիվ սոցիալ-մշակութային», մասնակիցը նրա, ինչ կատարվում է «բեմում»:

«Որովհետև թատրոնն անսահման է, և կարող է դա ոչ թե բեմում լինել, այլ փողոցում` կտուրի վրա, լողավազանում, պատերի վրա և այլն», - նշեց Արթուր Ղուկասյանը:

Փառատոնը կանցկացվի նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում՝ կրկին յուրօրինակ ձևով, որից իհարկե, անմասն չեն մնա նաև մայրաքաղաքի բնակիչները։

«Այն ամենը, ինչ արվել է անցյալ տարի, ցուցադրությունները, որ մենք արել ենք շենքերի վրա Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում, կշարունակվի, մենք դա կանենք, մենք ներկայացումները ցուցադրություն կանենք շենքերի վրա տարբեր տեղերում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Այդ երեք քաղաքներում դա կլինի, մեկ-մեկ խումբ, որը պետք է այդ ամեն ինչը անի: Խումբը ղեկավարում է ուրիշ մարդ, ոնց է լինելու, հատուկ չենք ասում, որ դա լինի անակնկալ, այսինքն` չլինի այսպես` մենք այս ժամին կլինենք այստեղ, կգան մարդիկ` ո՞ւր է, բայց կլինի` այս ի՞նչ է, պատուհաններ բացեն, որ դա surprise լինի», - ներկայացրեց Արթուր Ղուկասյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG