Մատչելիության հղումներ

Փաստաբանի վկայությամբ՝ Սաակաշվիլին երեկ ժամանակավորապես կորցրել է գիտակցությունը


Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն յոթ շաբաթ հացադուլի մեջ է, ժամանակավորապես կորցրել է գիտակցությունը, հայտնել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը։

Նա հայտնել է, որ երեկ այցելել է Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցում, և իր այցելության ընթացքում նախկին նախագահը կորցրել է գիտակցությունը:

Ավելի ուշ Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Սաակաշվիլիի վիճակը կայուն է:

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն համամիտ է բժիշկների հետ Սաակաշվիլիին բազմապրոֆիլ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է նախկին նախագահի վիճակը գնահատելու համար օմբուդսմենին կից ստեղծված խորհրդի ներկայացուցիչ, ռեանիմատոլոգ Գիորգի Գրիգոլիան:

«Առողջապահության նախարարությունը կաշխատի՝ ապահովելու համար, որ Սաակաշվիլիի տեղափոխությունը տեղի ունենա։ Տիկարաձեի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ նա բժիշկ է, ոչ թե քաղաքական գործիչ։ Նա համաձայնեց բոլոր փաստարկներին և հավանաբար կփորձի ինչ-որ բան անել»,- ասել է Գրիգոլիան:

Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադառնալուն պես, և անմիջապես էլ հացադուլ է հայտարարել։ Պաշտոնաթողությունից հետո Սաակաշվիլիի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, դատարանը նրան հեռակա ազատազրկման է դատապարտել 9 տարի ժամկետով։

XS
SM
MD
LG