Մատչելիության հղումներ

Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանը առաջխաղացման նոր փորձ է ձեռնարկել


Այսօր կեսօրին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները առաջխաղացման նոր փորձ են ձեռնարկել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ադրբեջանական կողմը հարձակում է գործել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Կիրառում են հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

«Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ», - տեղեկացնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։

Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականի տեղեկությամբ, Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական երկու դիրքերի համար է այսօր փոխհրաձգություն սկսվել, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը։ Սակայն հայ զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

«Հայաստանի զինված ուժերի լայնածավալ ռազմական սադրանքը ավարտվել է հայ զինվորների գերեվարմամբ ու զինաթափմամբ», - իրավիճակի այս պատկերն է ներկայացնում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որ արդեն երկու պաշտոնական հաղորդագրություններ է տարածել սահմանային այս լարվածության վերաբերյալ առայժմ չի հստակեցնում, թե արդյոք հայ զինծառայողներ են գերեվարվել։

Կիրակի ցերեկն էին ադրբեջանական ստորաբաժանումները խորացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Չորս հայկական դիրքեր շրջափակման մեջ էին հայտնվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում էր երևում, թե ինչպես են հայ զինծառայողները հեռանում իրենց հենակետերից՝ ադրբեջանցիների ներկայությամբ։

Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե այդ տարածքում զարգացող իրավիճակ չկա, կողմերից ոչ մեկը այդ դիրքերը չի տիրապետում. - «Երեկ ներխուժած ադրբեջանցիները և իրենց տեխնիկան դուրս են եկել այդ սահմանից և հայկական զորամիավորումները վենոյշյալ չորս կետերից են դուրս եկել։ Այդ չորս կետերում ո'չ հայ զինվորներ կան, ո'չ ադրբեջանցի»։

Գործողություններն Իշխանասարի շղթայի երկայնքով են ծավալվում։ Այս ուղղությամբ Ադրբեջանը հայկական տարածք էր ներթափանցել մայիսի 12 ից։ Սիսիան համայնքի Նորավանի վարչական ներկայացուցիչ Սլավիկ Պապյանի տեղեկացմամբ, ադրբեջանցիները ևս երկու կիլոմետրի չափով մխրճվել-առաջացել են. - «Իշխանասարի արևելյան և հարավային հատվածը մեր գյուղի վարչական տարածքում ա, մտել են, մոտ 3-4 կիլոմետր առաջացել էին, հիմա մոտ 2 կիլոմետրի չափով առաջացել են»։

XS
SM
MD
LG