Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Շեքսպիրյան միջազգային 15-րդ փառատոնը. կցուցադրվի 15 ներկայացում


2006 թվականին Հայաստանում Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը, որի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ստացել ամեն տարի դիտել աշխարհի տարբեր երկրներից փառատոններին մասնակցող ժամանակակից շեքսպիրյան ամենատարբեր ներկայացումներ:

Այսօր բացվեց Շեքսպիրյան միջազգային 15-րդ փառատոնը, որը հյուրընկալել է 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի: Փառատոնի ընթացքում կներկայացվի շեքսպիրյան երկերի հիման վրա ստեղծված 15 բեմադրություն: Փառատոնը բացվեց Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազ» ներկայացմամբ, բեմադրիչը Անդրեյ Բիլոուսն է:

Մինչ փառատոնի մեկնարկը հրավիրված ասուլիսին 2016թ.-ից փառատոնի տնօրեն Կարո Բալյանն ընդգծեց, որ փառատոնի նպատակն է ոչ միայն մեր հանդիսատեսին ներկայացնել թե տարբեր երկրներում, թե Հայաստանում բեմադրված հանճարեղ դրամատուրգի գործերը, որոնք միշտ այժմեական են, այլև միջազգային թատերական հանրության հետ համընթաց առաջ շարժվելու հնարավորություն ստեղծել` շնորհիվ այն բազմաթիվ կապերի, որ փառատոնը ձեռք է բերել այս տարիների ընթացքում:

«Այս տարի, ցավոք սրտի, պանդեմիայի պատճառով եվրոպական մի քանի թատրոն, ում հետ պայմանավորվածություն կար, որ պետք է մասնակցեին փառատոնին, չկարողացան վերջին վայրկյանին», - ասաց նա` հավելելով, որ այս տարի փառատոնն իրականացվում է բացառապես կազմակերպիչների անհատական կապերի և անհատ հովանավորների աջակցությամբ. նախարարությունն այս տարի ֆինանսական աջակցություն չի հատկացրել:

Շեքսպիրյան միջազգային փառատոնին հայկական թատրոններից մասնակցում է միայն Երևանի պետական կամերային թատրոնը` Արա Երնջակյանի «Համլետ» բեմադրությամբ:

«Այս տարի այս պանդեմիայի պայմաններում որ այդ մեկ ներկայացումն արվել է, ինձ թվում է` դա անակնկալ էրնույնիսկ ինձ համար, որովհետև Լուսինեն Երնջակյան զանգեց և ասաց` այսպիսի բան կա, ու ես անչափ ուրախացա, որովհետև Հայաստանում եթե բեմադրություններ են լինում, մանավանդ Շեքսպիր, հրաշալի է: Պայմանները ինքներդ հասկանում եք` դժվարին են, թատրոնների աշխատանքը` դժվարին», - նկատեց Բալյանը:

Բացի մի շարք ուշագրավ ներկայացուցւմներից, փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև մեկ մոնո ներկայացում, որի հեղինակն է Աուրիելե Ինբերտը Ֆրանսիայից: Նա շեշտեց` ուրախ է լինել Հայաստանում և այս փառատոնին առաջին անգամ մասնակցելու համար: Նա հույս հայտնեց, որ հայ հանդիսատեսը անտարբեր չի կարող մնալ իր կերտած հերոսուհու հանդեպ:

Փառատոնին մասնակցում է նաև ռուս հանրահայտ ռեժիսոր, Չեխիայի ազգային մրցանակի և այլ միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը, որի ղեկավարած թատերախումբը կներկայացնի «Մակբեթի» դասական բեմադրությունը: Նա շեշտեց, որ սա իրենց առաջին մասնակցությունն է երևանյան շեքսպիրյան փառատոնին, որի մասին, սակայն, շատ են լսել եվրոպական քաղաքներում տարբեր փառատոնների մասնակցելիս:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան վարպետաց դասեր, հանդիպումներ, մասնակից թատերագետների և ռեժիսորների մասնակցությամբ կիրականացվի նաև հատուկ ծրագիր ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Փառատոնը կամփոփվի Ալմեթի թաթարական պետական դրամատիկական թատրոնի շեքսպիրյան «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ, որի բեմադրիչն է փառատոնի տնօրեն Կարո Բալյանը:

Շեքսպիրյան միջազգային փառատոնը եվրոպական շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG