Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը Սաակաշվիլիին կոչ է անում դադարեցնել հացադուլը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է արել Միխեիլ Սաակաշվիլիին դադարեցնել հացադուլը և Վրաստանի իշխանություններին պարտավորեցրել է տեղեկացնել նախկին նախագահի առողջական վիճակի մասին։ Միաժամանակ, դատարանը չի բավարարել Սաակաշվիլիի բողոքը բանտային հիվանդանոցից մասնավոր կլինիկա տեղափոխելու վերաբերյալ։

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից անմիջապես հետո հոկտեմբերի 1-ին հացադուլ է հայտարարել։ Ըստ բժիշկների և փաստաբանների՝ նա միայն հեղուկներ է խմում և դեղորայք ընդունում։ Վրաստանի նախկին նախագահին պարբերաբար այցելում է նրա անձնական բժիշկը։

Քաղաքական գործչի փաստաբան Բեկա Բասիլիան հայտնել է, որ հացադուլի պատճառով Սաակաշվիլին սկսել է կորցնել հիշողությունը, դժվար շփվել։ Բժիշկներն ու փաստաբանը բազմիցս պահանջել են նրան բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա։

Նոյեմբերի 8-ին Վրաստանի նախկին նախագահին Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիի մեղադրյալների և դատապարտյալների հիվանդանոց։

Նախօրեին Սաակաշվիլին զրկվել է անձամբ իր գործով դատական նիստին մասնակցելու իրավունքից․ այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնել են Վրաստանի արդարադատության նախարարությունից։

XS
SM
MD
LG