Մատչելիության հղումներ

«Տաշիր Պիցցա»-ում քաղաքացիների թունավորման դեպքերով Քննչական կոմիտեում քննություն է ընթանում


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեում քննություն է ընթանում՝ պարզելու «Տաշիր Պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու արդյունքում մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերի հանգամանքները:

Նոյեմբերի 4-ին Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնն էր թունավորումների մասին ահազանգ ստացել։ Նոյեմբերի 4-ից 9-ն հոսպիտալացվել է 179 հիվանդ, 35-ը 0-18 տարեկան: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: Նոյեմբերի 9-ի դրությամբ 111 անձ դուրս է գրվել, ստացոնար բուժում է ստանում 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան: Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա»-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)հայտնեց, որ «Տաշիր Պիցցա» սննդի ցանցի մասնաճյուղերում արտադրատեսակներից և հումքից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում նորմայից շեղումներ են հայտնաբերվել։

Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեկան գործը Կոմիտեն վարույթ է ընդունել։ Գործը հարուցվել է «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը» հոդվածով [ՔՕ 279-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ կետ]։

«Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG