Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։

Նրանք անդրադարձել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

«Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Արտգործնախարարները քննարկել են նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։

Արարատ Միրզոյանը Ֆրանսիա է մեկնել նոյեմբերի 9-ին, այնտեղ է գտնվում նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Կլինի՞ արդյոք Միրզոյան-Բայրամով հանդիպում, դեռ պարզ չէ։ Նրանք Ֆրանսիայում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG