Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ Սև լճի տարածքում 60 հայ զինծառայողներ շրջապատման մեջ էին հայտնվել, Երևանը կտրականապես հերքում է


Պաշտոնական Բաքուն պնդում է, որ հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ Սև լճի տարածքում հայտնվել է շրջապատման մեջ, որից կարողացել է դուրս գալ միայն ռուսաստանցի սահմանապահների միջամտությունից հետո։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ հայ զինծառայողները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմում գտնվող միջդիրքային ճանապարհը։

«Որոշ ժամանակ անց այդտեղ է ժամանել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներից մեկը, որը հայերին փաստացի շրջափակման մեջ է առել։ Դրանից հետո հայկական կողմը դիմել է ռուս սահմանապահներին և վերջիններիս՝ ադրբեջանական հրամանատարությանն ուղղված դիմումից հետո հայերին թույլ են տվել հեռանալ», - պնդում է Ադրբեջանի ՊՆ-ը։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունը չի մեկնաբանել։ Փոխարենը «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական Տելեգրամ ալիքներում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Սև լճի մերձակայքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև և հայ զինծառայողները շրջապատման մեջ են հայտնվել։

«Այդ տեղեկությունը բացարձակ սուտ է», - հաղորդել է Հայաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG