Մատչելիության հղումներ

Էդ հողերը եթե չմշակեցինք, ստեղ ապրելը երևի էլ իմաստ չունի. խաչիկցի տրակտորիստ


Նախիջևանի հետ սահմանակից Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարելահողերի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները երեկ էին կրակել, պատմում է գյուղի տրակտորիստ Թաթուլ Ասատրյանը:

54-ամյա տղամարդը դաշտում հողագործական աշխատանքներ իրականացնելիս է եղել: Ասում է՝ հրաշքով է փրկվել, գնդակը տրակտորի նստատեղի թիկնակին է դիպել, վնասվել են տրակտորի ապակիները. - «Պայթոցի ձենը էս կողքից էկավ, նայեցի, տեսա ծուխ ա։ Հետո որ տեսա, որ ապակին չկա, իմացա, որ արդեն կրակել են։ Քշիմ դուս էկամ։ Այգիների վերևում կանգնեցի, տեսա, որ ուրիշ տեղ կպած-բան չկա, նոր թողել էկել եմ գյուղ»։

Ասատրյանն անակնկալի է եկել: Սկզբում չի էլ մտածել, որ կրակոցի հետևանք են պայթյունն ու ծուխը: Վայրկյաններ անց է միայն գլխի ընկել, որ մի քանի հարյուր մետր հեռու գտնվող ադրբեջանական դիրքերից է կրակոցը։ Նա կասկած չունի, որ փրկվել է տրակտորի շարժման շնորհիվ. - «Հենց իմ ուղղության վրա էլ կրակել են։ Որ տրակտորը ընթացքի մեջ ա էղել, քսան սանտի շեղվել ա»։

Թաթուլ Ասատրյանը ավելի քան 30 տարվա տրակտորիստ է, անցած տարիներին, նրա խոսքով, ոչ մի անգամ նման միջադեպ չի եղել, մտքով էլ չի անցել, որ ադրբեջանցիները կկրակեն վարելահողերի ուղղությամբ. - «Մտքովս էլ չի անցկացել, որ կարող ա աշխատող մարդու վրա կրակեն... Փաստորեն էդ էլ արին»։

Ասում է՝ գյուղի վարելահողերի ու այգիների մեծ մասը հենց ադրբեջանցիների դիտակետի տակ են: Այսօր արդեն դաշտ չի գնացել: Մտահոգվում է՝ կրկին չակտիվանան։ Համագյուղացիներն էլ են աշխատանքը թողել, հատկապես գյուղտեխնիկան դաշտ չեն տանում, անորոշ իրավիճակում են, չգիտեն ինչ անեն։ Իրենց եկամտի մեծ մասը հենց այգեգործությամբ են վաստակում։

«Վերևն էլ մենք հողեր ունենք, կվարենք, կցանենք։ Բայց դե մեր հիմնական եկամտի աղբյուրը էդ ա։ Եթե էդ հողերը չմշակեցինք, ստեղ ապրելը երևի էլ իմաստ էլ չունի», - նշեց Ասատրյանը։

Մոտ հազար բնակիչ ունեցող Խաչիկում հիմա դեռ սպասում են: Ադրբեջանցիների դիրքերին շատ մոտ հողագործական աշխատանքեր են արել տարիներ շարունակ, սակայն կրակոցներ չեն եղել, անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Խաչիկցիներն ասում են, որ ադրբեջանցի զինվորականները վերջին ամիսներին են ակտիվացել։

Միջադեպից մեկ օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել այս կրակոցների մասին։

Փոխարենը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե երեկ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական ստորաբաժանումները գնդակոծել են Քելբաջարի շրջանի Յելիջա գյուղի մերձակայքում աշխատող ինժեներական տեխնիկան։

Այսօր ավելի ուշ Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ ադրբեջանցիների կողմից Խաչիկ գյուղի բնակչի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հրադադարի ռեժիմի խախտման դեպքի վերաբերյալ տվյալները Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության փոխանցվել են ռուսական կողմին։

XS
SM
MD
LG