Մատչելիության հղումներ

Բաքուն դատապարտում է Արշակ Կարապետյանի այցը Ստեփանակերտ


Բաքուն դատապարտում է Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Ստեփանակերտ, և պնդում, թե Արշակ Կարապետյանի հանդիպումները Ղարաբաղի «ապօրինի ռազմական խմբավորումների հետ և հայտարարությունները նրանց մարտունակության մասին» ռազմաքաղաքական սադրանք են։

«Այդօրինակ քայլերով Հայաստանի ղեկավարությունը, կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, միտումնավոր փորձում է սրել իրավիճակը տարածաշրջանում և վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը»,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ Կարապետյանի այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի զինված ուժերի տարրերը շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև զգուշացրել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, թե Ադրբեջանի տարածք նման «անօրինական» այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ «ագրեսիվ անջատողականությունը և ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համաձայն»։

Կարապետյանը Արցախում էր նոյեմբերի 6-ին՝ Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով։ Նա Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր:

XS
SM
MD
LG