Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունն այսօր բողոքի նոր ցույցեր է ծրագրում


Վրաստան - Ցուցարարները գիշերն անցկացնում են կառավարության շենքի մոտ, 9-ը նոյեմբերի, 2021թ․
Վրաստան - Ցուցարարները գիշերն անցկացնում են կառավարության շենքի մոտ, 9-ը նոյեմբերի, 2021թ․

Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները ծրագրում են բողոքի նոր ցույցեր անցկացնել այսօր՝ ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ բանտային հիվանդանոցի պահակների կողմից իր նկատմամբ բռնության մասին հայտարարությունից մեկ օր անց։

Ընդդիմադիր կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ և աջակիցներ նախօրեին Թբիլիսիի Ազատության հրապարակում հանրահավաքից հետո գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ: Առավոտյան տարածքում մի քանի հարյուր մարդ է եղել, իսկ ոստիկանությունը մետաղական պատնեշներ է տեղադրել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Հանրահավաքին նախորդել էր Սաակաշվիլիի տեղափոխումը Ռուսթավիի բանտից Գլդանիի բանտային կլինիկա՝ նրա առողջության հետ կապված մտահոգությունների ֆոնին:
Երեկ Սաակաշվիլին պնդել է, որ կլինիկա ժամանելիս բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկվել պահակախմբի կողմից: Նա իր փաստաբանի միջոցով հրապարակած նամակում ասել է, որ բռունցքով հարվածել են իր պարանոցին և քաշքշել մազերից։

Facebook-ում հրապարակված նամակում Սաակաշվիլին ասել է, որ կդիմի միայն իր բժիշկներին և չի համագործակցի բանտի բուժանձնակազմի հետ։

Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձի մասին հայտարարեց հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալեցին։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։

XS
SM
MD
LG