Մատչելիության հղումներ

Կինոյի տանը բացվեց հայկական կինոթանգարանը


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ». այսուհետ այսպես է կոչվում Կինոյի տանը գտնվող հայկական կինոթանգարանը, որը բացվեց օրերս Հայաստանի կինոգործիչների միության և միության աջակիցների ջանքերով։

Մոտ 20 տարի առաջ Կինոյի շենքի վաճառքից հետո Խանջյան փողոցից դեպի Կինոյի շենքի գլխավոր մուտքը և Կինոյի տան մեծ դահլիճը տանող ճեմասրահը կիսաքանդ և փակ էր, որը վերաբացելը և այնտեղ կինոարվեստի միջավայր ստեղծելը Կինոգործիչների միության ղեկավարությունը ստանձնելիս Հարություն Խաչատրյանի համար ասես պատվի խնդիր էր դարձել։ Նաև նախընտրական խոստում, որն ի կատար ածվեց օրերս կինոթանգարանի՝ «Ազգային Սինեմատեք կոնցեպտի» բացմամբ։

Այսուհետ Խանջյան փողոցից ոչ միայն բաց է Կինոյի տան գլխավոր մուտքը, այլև այն անմիջապես տանում է դեպի կինոթանգարանի վերածված, հիմնանորոգված ընդարձակ ճեմասրահը, որը բացման օրը լեփ-լեցուն էր կինոգործիչներով և այսուհետ ծառայելու է նաև որպես ստեղծարար-կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր, որտեղ այցելուները կծանոթանան ոչ միայն հայ կինոյի պատմությանն ու այն ստեղծած մեր կինոգործիչների ստեղծագործական ուղուն, այլև ժամանակակից հայ կինոյի զարգացումներին, այսօր հայ կինոարվեստը կերտողներին։

Իսկ կինոարվեստի երկրպագուների կողմից Կինոյի տան երբեմնի մեծ հռչակ վայելող դահլիճում այսուհետ կվերականգնվեն ամենօրյա կինոցուցադրությունները, հայկական կինոպրեմիերաները, կինոհանդիպումներն ու կինոքննարկումները, փառատոներն ու մրցանակաբախշությունները, որոնցից առաջինը՝ Կինոգործիչների միության պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբախշությունը Կինոտան դահլիճում տեղի ունեցավ կինոթանգարանի բացման օրը։

Ինչպես ընդգծում էր կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոարվեստի միջավայր ստեղծելը Կինոյի տանը իր երկար տարիների երազանքն էր. - «Մեր տարիների երազանքը, որ Հայաստանում լինի Սինեմատեք, այսինքն՝ կինոթանգարան և կինոկրթական նոր օջախ, այսօր կայացավ։ Վերջապես բացվեց այն դուռը, որ փակված էր հայկական կինոյի համար, այսօր բացվեց և կլինի անընդհատ շարունակական աշխատանքը և կրթական պրոցեսները։ Բարի գալուստ բոլորիդ Սիմենատեք հայկական՝ կինոյի թանգարան, կինոյի դահլիճ, որոնք այսուհետ ցուցադրելու են լավագույն ֆիլմերը և սպասելու են ձեզ»։

Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի նախագահ Սուսաննա Հարությունյանն ասաց. - «Կարծում եմ, իրադարձությունը շատ տրամաբանական է, եթե նայենք կինոյի կյանքը վերակենդանացնելու և վերաարժեվորելու լույսի ներքո։ Նաև կարևորագույն հաստատություններից մեկը, որը հանդիսանում է նաև էս ամենը հիմքը ու սյունը, դա Կինոմիությունն է, որի անբաժանելի մասն են կազմում գիլդիաները, համքարությունները մեր պրոֆեսիոնալ։ Ու եթե մենք ուզում ենք իսկապես կառուցել ու վերաիմաստավորել պրոֆեսիոնալ կինոկյանքը ու գործունեությունը, մենք նաև պիտի վերաիմաստավորենք նման կազմակերպությունների, մասնագիտական հասարակական կազմակերպությունների՝ Կինոմիության գիլդիաների դերը և գործառույթները։ Այդ առումով այս մրցանակաբաշխությունը գործընթացի մի մասն է, որովհետև կինոյում ստեղծագործողը, ռեժիսոր լինի, օպերատոր լինի, պրոդյուսեր լինի, դերասան լինի, պիտի գնահատված լինի։ Ու այդ գնահատումը ինքը պիտի ստանա իր հողի վրա պրոֆեսիոնալների կողմից, պրոֆեսիոնալ միավորումների կողմից»։

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոռեկտոր Անետա Երզնկյանը հավելեց. - «Այնքան սպասված օր է բոլորիս համար։ Շնչեց էս մասը ու դարձավ մի տեղ, որը որ, կարծում եմ, անբաժանելի մասն է կինոյի և' կինոժառանգության հետ կապված, և' կինոյի տարածման, և', ինչու չէ, գան, ծանոթանան, իմանան, որ հայկական ֆիլմեր կան, նույնիսկ տուրիզմի զարգացման համար։ Գեղեցիկ շատ տեղ է, որտեղ կինեմատոգրաֆիստները կհանդիպեն, կշփվեն, մտքեր կփոխանակեն, և իհարկե կխթանի կինոարտադրությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG