Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հաստատվել է Pfizer/BioNTech-ի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար


Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) խորհրդատուները միաձայն հաստատել են Pfizer/BioNTech պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար, ինչից հետո պատվաստումները թույլատրելու հրամանը ստորագրել է կենտրոնի տնօրեն Ռեյչըլ Վալենսկին։ Առաջին պատվաստումները կարող են կատարվել արդեն այսօր։

Փորձագետները եզրակացրել են, որ պատվաստանյութի օգտագործման դրական ազդեցությունը զգալիորեն գերազանցում է հնարավոր ռիսկերը։ Քննարկվել են սրտամկանի բորբոքման հազվագյուտ դեպքերը, որոնք նկատվել են այս պատվաստանյութի օգտագործումից հետո՝ հիմնականում երիտասարդների մոտ։

Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ուրբաթ օրը հաստատել էր տվյալ տարիքային խմբի համար արտակարգ իրավիճակներում պատվաստանյութի օգտագործումը:

ԱՄՆ դաշնային կառավարությունն ու Pfizer-ն արդեն սկսել են պատվաստանյութի բաշխումը` նախապատրաստելով երեխաների պատվաստումը: Երեխաներից շատերը վերադարձել են դպրոց՝ առկա ուսուցման:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրն ունի պատվաստանյութերի բավարար պաշարներ 28 միլիոն երեխայի պատվաստելու համար։

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 50 հազար մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ նոր վարակվածների թիվը 7 օրում աճել է 3 տոկոսով, մահվան դեպքերինը՝ 8 տոկոսով։ Վարակի նոր դեպքերի գրեթե 60 տոկոսը Եվրոպայում է։ ԱՀԿ-ը նշում է, որ «դելտա» շտամը շարունակում է գերակշռել և վերջին երկու ամիսների ընթացքում հայտնաբերվել է դեպքերի 99,5 տոկոսում։

XS
SM
MD
LG