Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով


Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, տեղեկացնում է նախագահի գրասնեյակը։

Ըստ նախագահականի՝ Արմեն Սարգսյանն այս պարգևին արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի առաջին դեսպան:

Պարգևն Արմեն Սարգսյանին այսօր հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայը։ Նա Հայաստանում է՝ Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով:

Արմեն Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն այս շքանշանին, ասված է հաղորդագրությունում:

«Ես մշտապես աշխատել եմ՝ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու», - ասել է նախագահը:

Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը Հայաստանում է հոկտեմբերի 27-ից, հանդիպումներ է ունեցել արտգործնախարարի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և վարչապետի հետ։

XS
SM
MD
LG