Մատչելիության հղումներ

Մեդիափորձագետները Freedom House-ի այս տարվա զեկույցից ավելի խիստ գնահատական էին ակնկալում


Հայաստանում ինտերնետի ազատության վերաբերյալ հեղինակավոր Freedom House-ի այս տարվա զեկույցից ավելի խիստ գնահատական էր ակնկալվում, ասում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ հաշվի առնելով լրատվամիջոցների հանդեպ կիրառված սահմանափակումները։

«Սրանք իմանալով՝ ես, ամեն դեպքում, կուզենայի ավելի խիստ գնահատական տեսնել Freedom House-ից, մանավանդ որ Freedom House-ը հենց ինքն էլ մի քանի առիթով հայտարարություններով է հանդես եկել՝ քննադատելով հայաստանյան իշխանությունների գործելակերպը, վերջերս էդպիսի մեկ-երկու հայտարարություն է եղել», - ասաց Պապյանը։

Խոսքի ու կարծիքի ազատությունն օնլայն տիրույթում գնահատող այս զեկույցը Հայաստանին 100 հնարավորից 71 միավոր է տվել։ Ըստ կազմակերպության, համացանցն այստեղ ազատ է, այդուհանդերձ կա որոշակի հետընթաց․ անցյալ տարի Freedom House-ը 4 միավորով ավելի՝ 75 էր գնահատել Հայաստանում ինտերնետի ազատությունը։

Որպես միավորների նվազման պատճառ Freedom House-ը մատնանշում է 44-օրյա պատերազմի ընթացքում կառավարության ներդրած տեղեկատվական սահմանափակումները, ադրբեջանական ու թուրքական կայքերի արգելափակումը, ՏիկՏոկ սոցցանցին անհասանելիությունը, ինչպես նաև կիբերհարձակումները լրատվականների էջերի վրա։ Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնում է նաև քովիդի տարածման սկզբնական փուլում՝ արտակարգ դրության շրջանում բաժանորդների տվյալների հավաքագրմանը։

Հայաստանի վերաբերյալ այս զեկույցի վրա աշխատել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա, հետընթացը կարող է շարունակվել, եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն։

«Դեռ գտնվում ենք ազատ երկրների տիրույթում և պետք է անենք այնպես, որ չգնանք դեպի ստվեր», - ասաց Մարտիրոսյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետը, խոսելով անցած տարի արգելափակված էջերի մասին, ընդգծեց՝ Հայաստանում մինչ այդ նման դեպք էր գրանցվել միայն 2008-ի մարտի 1-ից հետո, 2016-ին էլ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ Ֆեյսբուքը որոշ ժամանակով անհասանելի դարձավ։

Ըստ հեղինակավոր կազմակերպության, տարածաշրջանում ամենազատ ինտերնետը Վրաստանը ունի՝ 77 միավոր, Ադրբեջանում ինտերնետն, ըստ Freedom House-ի, անազատ է՝ 35 միավոր, Թուրքիան 34 միավոր է ստացել, տարածաշրջանում ամենացածր գնահատականը Իրանինն է՝ 16 միավոր։ 30 միավոր ստացած Ռուսաստանում ինտերնետն, ըստ հրապարակված զեկույցի, նույնպես ազատ չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG