Մատչելիության հղումներ

«Ամուսինս էր դեմ, ապացուցեցի, որ հասցնում եմ». 13 երեխաների մայր Ալինա Սևլիկյանը 2019-ից Արցախի Վարանդա գյուղի համայնքապետն է


Ալինա Սևլիկյանը գիտի ինչպես համադրել ընտանեկան կյանքը կարիերայի հետ, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը չտուժի, 13 երեխաների մայրն արդեն 2 տարի է Արցախի Մարտունու շրջանի Վարանդա գյուղի համայնքապետն է։

«4 անչափահաս են այս պահին, 6 աղջիկներին ամուսնացրել ենք, տղաներից մեկ տղա էլ է ամուսնացել», - ասաց Սևլիկյանը:

13 երեխա, 20 թոռ. հերթական ընտանեկան հավաքի առիթը մայրիկի ծննդյան տարեդարձն էր:

53-ամյա գյուղապետի տանը եռուզեռ է, բազմաթիվ հյուրեր, հարազատներ, միջանցքում երեխաներն են վազվզում ու աղմկում, հյուրասենյակում կենացներ են հնչում, պատրաստությունը աղջիկներն են տեսնում, մայրիկին ծննդյան օրով այդ գործից ազատել են:

Ընտանիքի 7-րդ երեխան՝ Մարիամն անկեղծանում է՝ ինքն անգամ իր երկու երեխաներին է դժվարությամբ մեծացնում, իսկ իր ծնողները ամեն ինչ են հասցրել. «Էն որ մեզ պահել-մեծացրել են, ամեն ինչ ասված է»:

Տիկին Ալինան գյուղապետ է ընտրվել 2019-ին։ Մարիամը վստահեցնում է՝ տանը մայրիկի գյուղապետ դառնալու ցանկությանը հանգիստ են վերաբերվել, մայրիկը, սակայն, չի թաքցնում՝ ամուսինը սկզբում լուրը դժկամությամբ ընդունեց:

«Ես քարտուղարուհի էի աշխատում, արդեն գործն իմ համար լրիվ հասանելի էր և ես փորձեցի: Մինչև էդ երկու անգամ էլ էի փորձել, ուղղակի երկու ձայնով պարտվել եմ: Ճիշտն ասած ամուսինս էր դեմ, ինքը միշտ էլ դեմ էր, ասում էր, որ քո աշխատանքը խանգարելու ա ընտանիքի հոգսերը տանելու համար, ապացուցեցի, որ չի խանգարում, ես հասցնում եմ», - ասաց Ալինա Սևլիկյանը:

Այս գյուղում նախկինում ադրբեջանցիներն էին բնակվում, հեռվում երևում են նրանց լքված ու ավերված տները: Ալինա Սևլիկյանի ընտանիքը 2001 թվականին է Ստեփանակերտից Վարանդա տեղափոխվել, փոքրիկ այս բնակավայրը շուրջ 100 բնակիչ ունի, 2 ընտանիք էլ 44-օրյա պատերազմից հետո է այստեղ հաստատվել։

Գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ բուժկետ, երեխաները դաս են անում տներից մեկում. օրվա երկրորդ կեսին դպրոցը գյուղապետարան է դառնում. «Նախանցյալ տարի 21 աշակերտ է եղել, աշակերտները չէին տեղավորվում»:

Բազմազավակ մայրը սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավոտն է հիշում, նախորդ օրը աղջկա՝ Ելիզավետայի հարսանիքն էր, մի քանի ժամ անց պատերազմը սկսվեց. «Առավոտյան արդեն պայթյունների ձայներից արթնացանք ու տենց իմացա, որ պատերազմ է սկսվել»:

Տարիներ առաջ Վարանդայում ոչ ջուր կար, ոչ էլ կոմունալ այլ պայմաններ, ամեն օր մի քանի կիլոմետր ճանապարհ էին կտրում ջուր բերելու համար։ Տիկին Ալինան ասում է՝ հիմա են հասկանում, այդ տարիներին իրականում երջանիկ էին, պատերազմ չկար։ Գյուղապետը, սակայն, լավատեսությունը հիմա էլ չի կորցնում, միայն թե խաղաղ լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG