Մատչելիության հղումներ

«Մեր հիմնադրամի նպատակը կրթական վիճակը բարելավելն է». «Երաժշտություն հանուն ապագայի»-ի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյան


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2019 թվականից՝ նպատակ ունենալով բացահայտել և աջակցել 10-17 տարեկան տաղանդաշատ երաժիշտներին՝ կրթաթոշակ և նյութական այլ աջակցություն տրամադրելով նրանց թե՛ երաժշտական հետագա զարգացման, թե՛ տարբեր միջազգային մրցույթների և փառատոնների մասնակցության համար:

Հիմնադրամի կրթական ծրագրերի գեղարվեստական ղեկավարն ու հոգեբարձուների խորհրդի նախագահն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իսկ հիմնադրամի տնօրենն է Աննա Տեր- Հովակիմյանը: Նա օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծում էր, որ հիմնադրամը ստեղծել են այն պատճառով, որ տարիների փորձից հասկացել են, թե որքան պատանի երաժիշտները կարիք ունեն լավ երաժշտական կրթություն ստանալու և որքան բացեր կան այդ ոլորտում:

«Հիմնադրամը ստեղծելուց մտածել ենք նրա մասին, որ շատ կարևոր է, որ բացի այն կրթությունից որը ստանում են երաժշտական դպրոցներում նաև ունենան հնարավորություն շփվելու աշխարհահռչակ պրոֆեսորների հոտ, արտիստների հետ, որովհետև այդ շփումն իրենց մոտ գրեթե չկա, այցելել համերգներ, գնալ շրջագայությունների։ Մեր հիմնադրամի նպատակը կրթական վիճակը բարելավելն է», - ընդգծեց Աննա Տեր-Հովակիմյանը։

Այս տարի սեպտեմբերի 4-23 - ը հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցել են Դուբայի օպերային թատրոնում տեղի ունեցած «Ինկլասիկա» միջազգային երաժշտական փառատոնին՝ ունկնդրելով աշխարհի լավագույն նվագախմբերի և մենակատարների համերգները, նաև մասնակցել են իրենց համար լավագույն երաժիշտների կողմից իրականացված վարպետության դասերին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծել է նաև նույն անունը կրող դասական երաժշտության ակադեմիա, որի սաները՝ հոկտեմբերի 11-ին վարպետության դաս անցկացրին չինացի, բացառիկ դաշնամուրային կատարումներով հայտնի երիտասարդ դաշնակահար Ջին Յանի հետ, հոկտեմբերի 12-ին նրանց համար վարպետության դասերով հանդես էր եկել անվանի ջութակահար Գրաֆ Մուրժան, մինչ այդ էլ՝ նախորդ օրերին վարպետության դասեր էին անցկացրել անվանի ջութակահարներ Սերգեյ Դոգադինը և Լավարդ Սկոու- Լարսենը և այլ հայտնի երաժիշտներ։

Ուշագրավ է, որ, ինչպես նշում էր հիմնադրամի նախագահ Աննա Տեր- Հովակիմյանը, կրթաթոշակառուների մրցույթը հաղթահարել են միայն մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաները. - «Մենք մրցույթը հայտարարում ենք ամբողջ Հայաստանով, բայց այս երկու տարիների ընթացքում մենք հասկացանք, որ մարզերը սարսափելի տխուր վիճակի մեջ են, չեն կարող մրցել Երևանի երաժշտական դպրոցների հետ, թույլ են։ Ես հասկացա, որ խնդիր է»։

Թե՛ հիմնադրամի, թե՛ նորաստեղծ երաժշտական ակադեմիայի նպատակն է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում հայտնաբերել և լավ երաժշտական կրթության հնարավորություն տալ լավագույն երեխաներին ամենատարբեր ծրագրերի միջոցով:

«Մենք նաև ուզում ենք համագործակցել կազմակերպությունների հետ, որոնք գործում են Հայաստանում, որոնք տարբեր նախագծեր են իրականացնում կրթական մարզերի հետ, բայց ամեն դեպքում միանշանակ է, որ իրենց հետ պետք է աշխատել։ Անցած տարի մենք ընտրեցինք 10 կրթաթոշակառու։ Տարբեր մասնագիտությունների երեխաներ էին, բոլորը Երևանի երաժշտական դպրոցներից են, ու բոլորը, պարզ է, որ բնակվում են Հայաստանում։ Դա մեզ համար շատ կարևոր է, որ այդ օգնությունը ստանան այն երեխաները, որոնք բնակվում են Հայաստանում, որ հետագայում էլ իրենք հասկանան, որ պետք է մնան ու գործեն Հայաստանում», - ընդգծեց Տեր-Հովակիմյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG