Մատչելիության հղումներ

Գյումրիում 5-6 հազար ընտանիք ձմռան վառելիքի լուրջ խնդրի առաջ են


Լալա Ստեփանյանը 90-ականներին Չարենցավանից Գյումրի՝ ուղիղ տնակ հարս եկավ։ Տնակում մեծացան տիկին Լալայի չորս երեխաները, ընտանիքը տնակում կդիմավորի արդեն 30-րդ ձմեռը։

55-ամյա կինն ասում է՝ ձմեռը տնակներում ապրողների համար կրկնակի երկար է ու ցուրտ. «Վառում եմ կոշիկ, շոր, փայտ, ծառի ճյուղ։ Ինչ ընկնում է ձեռքներս այն էլ վառում ենք»։

Տիկին Լալան հաշմանդամություն ունի, իր 32 հազար դրամ թոշակով ու ամուսնու 2-3 հազար դրամ օրավարձով էլ ապրում են: Ձմեռը տնակը տաքացնում են այրվող հնարավոր ամեն ինչով, փայտ գնել իրենց թույլ չեն կարող տալ։

«Վառելիքն այնքան թանկ է, որ հնարավոր չէ գնել, շատ թանկ է», - ընդգծեց նա։

55-ամյա կինն ասում է՝ հացի փողն են հազիվ հասցնում, ամեն ինչ ապառիկ են գնում, հետո թոշակով պարտքերը մարում ու դատարկ նստում։

Տարիների ընթացքում տնակը քայքայվել է, գրեթե բոլոր անկյուններում անձրևների կաթոցների համար տարաներ է շարված:

Վերջին 15 տարիներին տնակներում ու վթարային շենքերում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռանը վառելիքով օգնում է «Շիրակ» կենտրոնը՝ ամերիկահայ բարերարների աջակցությամբ: Այս տարի առայժմ պարզ չէ՝ բարերարները կրկին կֆինանսավորեն վառելիքի ծրագիրը, թե ոչ:

«Մենք ունենք սոցիալական ծանր խնդիր հատկապես ձմռանը կապված ջեռուցման հետ, տնակային ավաններ, նաև ունենք հանրակացարանային կամ վթարային շենքեր, որտեղ էլի ապրում են սոցիալապես խոցելի խմբեր, այսինքն մենք մոտավորապես 5-6 հազար ծայրահեղ խոցելի ձմռան վառելիքի խնդիրը չլուծած ընտանիքներ ունենք, միայն Գյումրիի մասին եմ խոսում», - ասաց Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։

Շիրակ կենտրոնի նախագահը վերլուծում է՝ ժամանակավոր կացարաններում ապրողների մոտ 20 տոկոսը իր կարիքները կարողանում է հոգալ։ Մոտ 40 տոկոսը հիմնականում օրավարձով աշխատանքով մի կերպ ծայրը ծայրին է հասցնում։ Մոտ 40 տոկոսն էլ ծայրահեղ աղքատության մեջ է: Թումասնյանն ասում է՝ ամենացավալին այն է, որ այդ մարդիկ իրենց աղքատության հետ արդեն համակերպվել են։

«Այո, իրենք համակերպվել են այդ միջավայրին, և իրենք ամեն օր զբաղված են գոյատևելու խնդրով։ Առավոտյան մտածում են՝ ոնց կարողանան համոզել մոտակա խանութի աշխատակցին պարտքով հաց տալ։ Այդ խնդիրներով զբաղվող մարդը ժամանակ չի ունենա գնալ, բողոքել, ճանապարհ փակել և այլն, դրա համար մենք չենք տեսնում այդ ամբողջը», - ընդգծեց Թումասյանը։

Տարիներ շարունակ տնակներում բնակվողների խնդիրներով զբաղվող Թումասյանը կարծում է, որ կառավարությունը գոնե վառելիքի ապահովման հարցում պետք է աջակցի նաև այս ընտանիքներին, այլապես խտրականություն է դրսևորվում նրանց և գազաֆիկացված շենքերում ապրող անապահով ընտանիքների միջև։ Վերջիններիս համար կառավարությունը գրեթե ամեն տարի սուբսիդավորում է որոշակի քանակի գազի ծախսը, այնինչ չգազաֆիկացված վթարային շենքերի ու տնակների ապրողները զրկված են նման ծրագրերից։

«Նման իրավիճակում ապրող մարդկանց սոցիալական որոշակի արտոնություններ պետք է տրվեն՝ լույսի տեսքով, ձմռանը՝ վառելիքի տեսքով։ Ստացվում է՝ ծայրահեղ ընտանիքները այդ արտոնություններից չեն օգտվում, իսկ մի քիչ ոչ ծայրահեղ, որոնք գոնե բնակվելու պայմաններ ունեն, իրենք օգտվում են այդ պայմաններից։ Այսինքն՝ սա անհավասար իրավիճակ է, պետք է տնակային ավաններում կամ այդ հանրակացարաններում, որոնք գազաֆիկացված չեն, կարողանան մեկ այլ վառելիքի ձևով փոխհատուցել, և՛ հավասար պայմաններ ստեղծվեն, և՛ ձմռանը տանելի վիճակ ստեղծվի», - ասաց Շիրակ կենտրոնի նախագահը։

Գյումրիի 96 տնակային ավաններում մոտավոր հաշվարկներով շուրջ 13 հազար մարդ է բնակվում: Շատերի համար սա արդեն 33-րդ ձմեռը կլինի, որ դիմավորելու են տնակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG