Մատչելիության հղումներ

Հայաստանում երրորդ անգամ անցկացվում են «Լեհական մշակույթի օրեր»


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակ
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակ

Այսօրվանից Հայաստանում Լեհաստանի դեսպանատան և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մեկնակում են «Լեհական մշակույթի օրերը», որոնք անցկացվում են արդեն երրորդ անգամ:

Այս անգամ ևս հայ արվեստասերների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ շատ ուշագրավ ծրագիր է նախապատրաստվել: Առաջիկա տասն օրերի ընթացքում մեր արվեստասերները կկարողանան ուշագրավ լեհական ֆիլմեր դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, մասնակցել շատ հետաքրքիր ցուցահանդեսների։ Ծրագիրը ամփոփվի հոկտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք գալա-համերգով, որի ընթացքում հանդես կգան ճանաչված լեհ երաժիշտներ, որոնք կկատարեն լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Այսօր «Լեհական մշակույթի օրերը» մեկնարկում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ երեխաների համար նախատեսված լեհական պատմությանն ու մշակույթին նվիրված աշխատարանով, որը կիրականացնեն Լեհաստանից ժամանած մասնագետներ:

Վաղը Բրյուսովի անվան լեզվաբանաական համալսարանում նույնպես կմեկնարկի աշխատարան, որից հետո Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդեսը: Մեկ այլ ուշագրավ ցուցահանդես էլ հոկտեմբերի 28-ին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրի ներքո:

«Լեհական մշակույթի օրերի» շրջանակում նախատեսված լեհական ֆիլմերի ցուցադրությունները կուղեկցվեն քննարկումներով: Այս օրերին Հայաստան կայցելի լեհ հանրահայտ դերասան Ֆիլիպ Տլոկինսկին՝ ներկա գտնվելու «Մաթեմատիկոսի արկածները» ֆիլմի ցուցադրությանը՝ որպես ֆիլմի գլխավոր դերակատար:

«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը շեշտում էր, որ այս ծրագիրը լրջորեն նպաստում է հայ-լեհական մշակութային համագործակցությանը:

«Ազատության» հարցին, թե ինչպես է պարոն դեսպանը գնահատում հայ-լեհական մշակութային համագործակցության ներկայիս ընթացքը, Պավել Չեպլակը պատասխանեց, որ ծրագրեր շատ ունեն և հույս ունեն դրանք ամբողջովին իրականացնել առաջիկայում. - «Վերջին 18-20 ամիսները, ինչպես գիտեք, բավականին դժվար էին։ Որոշ ծրագրեր, ցավոք, չեն իրականացվել։ Հուսով ենք, որ կստացվի դրանք իրականացնել 2022 թվականին։ Կարող եմ փոքր-ինչ բացել փակագծերը և նշել, որ պատրաստվում ենք ցուցադրել լեհական սրբապատկերներ, խորհրդակցում ենք «Նարեկացի» կենտրոնի հետ»։

Դեսպան Չեպլակը հավելեց, որ հայ-լեհական մշակութային համագործակցությանը մեծապես նպաստում է նաև Լեհաստանի հայկական համայնքը, որը շատ աշխույժ մշակութային նախաձեռնություններով է հանդես գալիս և ամրապնդում երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG