Մատչելիության հղումներ

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների կեսից պակասն է հաղթահարել անցողիկ շեմը


ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյան
ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյան

Ատեստավորվելու համար դիմած 1372 ուսուցինչներից գործընթացին մասնակցել են 996-ը, այսօր գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով՝ մասնակցած ուսուցիչների միայն 47, 2 տոկոսն է հաղթահարել անցողիկ շեմը։

Առաջին փուլին մասնակցել են 5-ից 12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ 7 առարկաների գծով։

«Կամավոր ատեստավորմանը մասնակցած 996 ուսուցիչներից 468 ուսուցիչ, ստացած միավորների համաձայն, կստանա 30, 40, 50 տոկոս հավելավճար։ Ուսուցիչների միջին աշխատավարձը, մեկ դրույքի, կազմում է 125 հազար դրամ, այսպիսով 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրա 37 հազար դրամով, 40 տոկոսինը՝ 50 հազարով, 50 տոկոս ստացածներինը շուրջ 61 հազար 500 դրամով։ 528 ուսուցիչ անցողիկ շեմը չի հաղթահարել»։

Հաջորդ տարի կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-ից 12-րդ դասարանի աշակերտների ուսուցիչները՝ բոլոր առարկաների գծով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործընթացը շարունակական է, այն կտևի մոտավորապես 3 տարի։

Ըստ ԿԳՄՍՆ-ի, կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 80 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը ստանում է հավելավճար։ Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման հիմքում, ինչպես նախարարությունն է նշում, նոր, արդի պահանջներին համապատասխան ուսուցիչների մուտքը դպրոց ապահովելն է՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ։

XS
SM
MD
LG