Մատչելիության հղումներ

«Ազատության» ուզբեկական ծառայության աշխատակիցները սպառնալիքներ են ստանում


Ուզբեկստանում հոկտեմբերի 24-ին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության աշխատակիցները մահվան և բռնաբարության սպառնալիքներ են ստանում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին ընդամենը 30 րոպեի ընթացքում ուզբեկական ծառայության Տելեգրամ ալիքին լրագրողների և նրանց հարազատների հասցեին գլխատելու, սեռական բռնության ենթարկելու տասնյակ սպառնալիքներ և վիրավորական հաղորդագրություններ են ուղարկվել։ Որոշ մեկնաբանություններում ասվում էր, թե իբր «Օզոդլիկ»-ի «իրական նպատակը Ուզբեկստանում հեղաշրջում կազմակերպելն ու մեր նախագահին վարկաբեկելն է»։

Աղբյուրի համաձայն՝ սպառնալիքների հեղինակները անանուն օգտահաշիվներ են, սակայն լրատվամիջոցի աշխատակիցները պարզել են, որ դրանցից առնվազն երկուսը սոցցանցերում զբաղվում են իշխանամետ քաղաքականության առաջմղմամբ։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը ուզբեկական ծառայության լրագրողների հասցեին սպառնալիքներն «արգահատելի» է որակել և կոչ է արել Տաշքենդին անհապաղ դադարեցնել անկախ լրատվամիջոցներին ահաբեկելու տակտիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG