Մատչելիության հղումներ

Հայաստանյայց առաքելական եկեղեցին ողջունում է Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի հիմնումը Հայաստանում


Համայն Ռուսիո պատրարք Կիրիլը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Համայն Ռուսիո պատրարք Կիրիլը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը

Հայաստանյայց առաքելական եկեղեցին ողջունում է Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի հիմնումը Հայաստանում, «Ազատության» հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հայաստանում թեմ հիմնելու որոշումը Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար մարմինը՝ Սինոդը կայացրել է օրերս՝ հոկտեմբերի 15-ին, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից երկու օր անց։

«Նույն հաջողությամբ Հայ առաքելական եղեկեցին աշխարհի շատ երկրներում, եթե ոչ բոլոր, ապա երկրների մեծ մասում ունի թեմեր, և ոչ մի խոչընդոտ չկա Հայ առաքելական եկեղեցու ընդառաջ, որ այս կամ այն երկրում թեմեր բացի՝ ի սպասավորություն իր հոգևոր հոտի, մեր հայրենակիցների։ Հայ առաքելական եկեղեցին միանշանակ ողջունում է [Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ բացելը Հայաստանում]», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արթենյանը։

Ըստ Սինոդի, հայաստանյան թեմի աթոռանիստը կլինի Երևանում, առաջնորդը կդառնա Ռուսաստանի Կլին քաղաքի արքեպիսկոպոս Լեոնիդը։

Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ երբեք չի եղել ՝ անգամ Ռուսական կայսրության ժամանակներում. եղել են ծխական համայնքներ։ Մոսկովյան Новая газета-ն պատրիարք Կիրիլի առաջնորդությամբ կայացրած այս որոշումը բնութագրել է որպես քայլ, որը դավանական իրավունքի տեսանկյունից նշանակում է չճանաչել Գարեգին Երկրորդի գլխավորությամբ գործող հայկական նվիրապետությունը։

Տեր Եսային, սակայն, պնդում է, թե հայ առաքելական եկեղեցին վտանգ չի տեսնում, և որ այս հարցը վաղուց է քննարկվել է երկու երկրների հոգևոր առաջնորդների միջև. - «Երկար ժամանակ ռուս եկեղեցին քննարկում կամ որոշում էր, թե ինչ միավորով էստեղ հանդես գա. որպես թեմ կամ որպես համայնք։ Եվ ի վերջո, ռուս եկեղեցին որոշեց, որ թեմ բացի»։

Երևանում՝ Քանաքեռում գործող Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Արսեն քահանա Գրիգորյանցը «Ազատությանը» փոխանցեց, որ ներկայում Հայաստանում գործում են ռուս ուղղափառ ութ եկեղեցիներ, որից երեքը՝ Երևանում, երկուսը՝ Գյումրիում, մեկը՝ Վանաձորում։

Տեր հայրը սահմանափակվեց միայն այս տեղեկությամբ՝ պատճառաբանելով, որ հարցազրույցի համար հարկավոր է ստանալ ռուս ուղղափառ եկեղեցու վերադասների թույլտվությունը։

Քանի որ Հայաստանում թեմ հիմնելու պատճառների մասին այսօր հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ Ռուս ուղղափառ եկեղեցուց, դիմեցինք Տեր Եսայուն։

«Բնականավար, էստեղ նաև հաշվի առնելով խաղաղապահ զորքերի առկայությունը, նաև ռուս համայնքի առկայությունը, այդ հանգամանքները հաշվի առնելով՝ որոշեցին, որ թեմ բացեն։ Եվ բնականաբար, Մայր Առոթի հետ քննարկվել է, բայց դա իրենց որոշելիքն է», - ասաց նա։

Հրանուշ Խառատյան
Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում եկեղեցական թեմ բացելու Սինոդի որոշուման հիմքում կրոնականից բացի այլ՝ քաղաքական դրդապատճառներ է տեսնում. - «Հայաստանում հիմա ուղղափառների շատ փոքր թիվ կա։ Վերջին տասնամյակները չգիտեմ, բայց նույնիսկ 20-րդ դարի սկզբի համեմատ՝ անհամեմատ ավելի քիչ։ Առաջիկայում կարծես թե նորից ռուսական դպրոցների բացման մասին է խոսք գնում նորից Հայաստանում, հիմա Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն արքեպիսկոպոսական մակարդակով, որը շատ բարձր մակարդակ է, որը ակնհայտորեն կրոնական խնդրով չի պայմանավորված»։

Հիշեցնելով նաև ռուսական դպրոցների վերաբացման մասին Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ ազգագագետը պնդում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ այսօր Երևանի կախվածությունը Կրեմլից հասել է անկախությունից ի վեր աննախադեպ մակարդակի։

XS
SM
MD
LG