Մատչելիության հղումներ

Կինեմատոգրաֆիստների միությունն ահազանգում է միության հետնաբակում կատարվող  անօրինական շինարարության մասին


Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյան
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյան

Դեռ նախորդ դարի 70-ականների կեսերին Խանջյան և ներկայիս Վարդանանց փողոցների հատման վայրում կառուցված Կինոյի տան շենքը , որտեղ գտնվում է նաև Կինեմատոգրաֆիստների միությունը, Մալյան թատրոնը անկախության տարիներին շրջափակվեց երկու բազմահարկ՝ 16 և 23 հարկանի շենքերով՝ այդուհանդերձ պահպանելով իր հիմնական տեսքն ու առաքելությունը: Պահպանվեց նաև շենքի հետնաբակում գտնվող փոքրիկ կանաչապատ բակը, որը դեռ խորհրդային տարիներից պատկանել է Կինեմատոգրաֆիստների միությանը, բայց պարզվում է, որ այդ հետնաբակը կարող է շատ շուտով վերածվել հերթական ռեստորանի կամ գարջրատան, քանի որ դեռ 2013 թվականին քաղաքապետի որոշմամբ թույլատրվել է այնտեղ գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնել, իսկ այս տարի էլ Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ շինարարության թույլտվություն է տրվել նոր սեփականատիրոջը՝ Վահագն Ատոմյանին:

Թե կոնկրետ խոսքն ինչ ինքնակամ կառույցի մասին է, դժվար է ասել, քանի որ անզեն աչքով իսկ երևում է, որ այդ վայրում միայն ծառածածկ և խոստածածկ տարածք է, որտեղ փորձում են շինարարական աշխատանքներ սկսել:

Այսօր Կինեմատոգրաֆիստների միության նախագահն ու վարչության անդամները ասուլիս էին հրավիրել՝ ահազանգելու միության հետնաբակում կատարվող անօրինական շինարարության մասին:

Ինչպես ընդգծում էր Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, իրենք նաև դատարան են դիմել՝ պաշտպանելու իրենց տարածքը հերթական ոտնձգություններից, բայց անգամ այս պարագայում շինարարությունը փորձում են շարունակել. - «Շատ տարօրինակ է, որովհետև չեղած շինությունը որպես անօրինական շինություն քաղաքապետարանը օրինականացրել են 2013 թվականին, և այդ շինությունը անցել է ձեռքից ձեռք։ Հետո եկել է մի մարդ, որը բավականին ճկուն, ճարպիկ մարդ է, մասնագիտությամբ իրավաբան է, ունի «Լաբիրինթ» գարեջրատների ցանցը։ Մեր հայցը գտնվում է դատարանում... երևի թե դատարանի հետ էլ կարողանա լեզու գտնել այդ մարդը, որովհետև էնքան ճարպիկ է, որ նույնիսկ փող է ուզում առաջարկել միությանը, օգնություն և փող, որպեսզի մենք կաշառվենք և իրան թույլ տանք, որ կառուցի։ Այս անգամ զարմանալի է, որ նոր քաղաքապետարանի փոխքաղաքապետը, որը ստորագրեց շինթույլտվությունը։ Մենք, նախօրոք իմանալով, որ պատրաստվում են շինարարություն կատարել, մինչև շինթույլտվություն տալը նամակ ենք գրել և խնդրել ենք, որ հանկարծ շինթույլտվություն չտան, որովհետև դա կեղծված փաստաթղթերով կատարված գործողություն է, և մենք դատարան ենք դիմել, խնդրում ենք շինթույլտվությունը չտալ։ Բայց իրանք շինթույլտվություն են տվել»։

«Ազատություն» հարցին, թե արդյոք հանդիպել է քաղաքապետ Հայկ Մարությանին և ներկայացրել խնդիրը, Հարություն Խաչատրյանը պատասխանեց, որ իրեն դեռ չի հաջողվել հանդիպել քաղաքապետին, բայց բազմիցս նամակներ են հղել քաղաքապետարան, այդ թվում՝ Հայկ Մարությանին:

«Պատմել ենք պատմությունը, խնդրել ենք լուծել անպայման այս հարցը, խնդրել ենք հանդիպել, եթե ինչ-որ բան պարզ չի, բայց պատասխաններ են եկել, նամակներ են եկել, որ ամեն ինչ օրինական է և իրավունք ունեն։ Թեժ գիծ ենք կանչել, նամակներ ենք գրել, կանչել ենք ճարտարապետին, որ եկել տեսել, զարմացել ա, որ տենց բան են թույլ տվել։ Ինչ որ հնարավոր էր փորձել անել, ամեն ինչ փորձել ենք անել, բայց էսօր ունենք մի պատասխան՝ ամեն ինչ օրինական է արված», - հավելեց Հարություն Խաչատրյանը։

Այսօր ասուլիսին ներկա Կինեմատոգրաֆիստների միության և երկու բարձրահարկ շենքերի բնակիչների շահերը պաշտպանող իրավաբանները, նաև Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամները՝ անվանի կինոգործիչներ և հայ ժամանակակից կինոարվեստի ներկայացուցիչներ, ասացին, որ պարզապես չեն կարողանում պատկերացնել, որ ներկայումս նույնպես հնարավոր է նման անօրինական շինարարություն և իրենք ամեն ինչ կանեն կասեցնելու այդ ապօրինությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG