Մատչելիության հղումներ

Իրանում Հայաստանի դեսպանը հետ է կանչվել. կառավարությունը պատճառների մասին լռում է


Իրանում նախկին դեսպան Արտաշես Թումանյան

Արտաշես Թումանյանն ազատվել է Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Դեսպանին հետ կանչելու տեղեկությունը նախագահականի կայքում այսօր է հրապարակվել, սակայն հրամանը հինգ օր առաջ է եղել։ Հատկանշական է, որ պաշտոնից ազատած Արտաշես Թումանյանն այսօր որպես Հայաստանի դեսպան Իրանի Խուզեստան նահանգում հանդիպումներ է ունեցել՝ քննարկելով նահանգի ու Հայաստանի տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր։

Արդեն հայտնի է Իրանում Հայաստանի նոր դեսպանի անունը։ Դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։ Մինչ նշանակումը նա երեք տարի Արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետն էր։ Դրանից առաջ էլ 49-ամյա դիվանագետը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Հոկտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարարի Թեհրան կատարած այցի ընթացքում Ավագյանը հայկական պատվիրակության կազմում էր։

Արտաշես Թումանյանի պաշտոնանկության պատճառների մասին Հայաստանի կառավարությունը լռում է, իրանական լրատվամիջոցներն էլ, անդրադառնալով նրա պաշտոնանկությանը, շեշտում են՝ պատճառը հայտնի չէ։

Արտաշես Թումանյանից էլ մեկնաբանություն ստանալ «Ազատությանը» չհաջողվեց, նա զանգերին չարձագանքեց։ Թումանյանը դեսպան էր նշանակվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք՝ 2015 թվականին։

Հայաստանում է Իրանի գլխավոր դատախազը

Իրանա-ադրբեջանական վերջին լարվածության ֆոնին` ակտիվացել են Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների փոխադարձ այցելությունները։ Հայաստանում է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Իրանի գլխավոր դատախազը վերջին անգամ Հայաստան է այցելել ութ տարի առաջ։

Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև: Երկու երկրների պաշտոնյաների օրակարգում է նաև քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում միջնորդությունների կատարման, տարածաշրջանային և գլոբալ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Հայաստանի ՔԿՀ-ներում երեք տասնյակից ավելի Իրանի քաղաքացիներ կան

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում երեք տասնյակից ավելի Իրանի քաղաքացիներ կան, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։ 35-ից 10-ի նկատմամբ դատարանի վճիռ կա. «Նրանցից 18-ը նախաքննական կամ դատաքննության փուլում գտնվող գործերով են, այսինքն` ըստ էության, նրանք գտնվում են նախնական կալանքի տակ: 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ 7-ի վերաբերյալ թեև կայացված դատավճիռ կա, բայց այդ դատական ակտերը բողոքարկման փուլում են»:

Ըստ դատախազության պաշտոնյայի՝ դատապարտվածների ճնշող մեծամասնությունը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի իրացման ու շրջանառության համար. «Հոգեմետ նյութերի իրացման, ապօրինի շրջանառության համար, ինչպես նաև թմրամիջոցների, արգելված հոգեմետ նյութերի մաքսանենգության համար», - մանրամասնեց նա:

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ անցած տարի հետագա պատիժը կրելու նպատակով Իրան է տեղափոխվել 28 դատապարտյալ, այս տարվա ընթացքում` գրեթե նույնքան։ Իրանի գլխավոր դատախազին այսօր ընդունել է նաև վարչապետ Փաշինյանը։

XS
SM
MD
LG