Մատչելիության հղումներ

«Խոպանն ստիպում է խոսել, չնայած այնտեղ քեզ լսող չկա». ալավերդցի ինքնուս նկարիչ


Զավեն Օհանյան

Ալավերդցի Զավեն Օհանյանը Ռուսաստանում, տնից հեռու առևտրի միջոցով գումար վաստակելիս ստեղծել է իր առաջին նկարներն ու բացահայտել՝ դրանցից յուրաքանչյուրն իր ապրումների ու զգացածի մասին պատմություն են։

«Խոպանն ստիպում է խոսել, չնայած այնտեղ քեզ լսող չկա։ Կամ պիտի խելագարվեի, կամ ասելիքս թղթին տայի», - ասում է նա։ - «Մեր էդ կարոտը, էդ ջղայնությունը, որ ախր ես իմ երկրում էլ եմ աշխատում, խի՞ չի հերիքում, էդ ամեն ինչը... Գնացել սպիտակ թղթեր եմ առել ու սև գրիչ, ու սկսել եմ իմ ներվերը ես հանգստացնել։ Սպիտակ թուղթ... ոնց որ մի մարդու հետ ես զրից անեմ»։

43-ամյա Զավենն Ալավերդիում առաջին անգամ ցուցահանդես է բացել։ Ասում է՝ ցուցադրության արժանի գրեթե բոլոր նկարները հենց խոպանում են ծնվել։ Պարզ գծերով բարդ պատկերներ է ստացել իր խճճված մտքերի մասին։

«Սա յուրաքանչյուր խոպանչու ապրելակերպն է», - ասում է Զավենը։ - «Մինչև էդ ես ընդհանրապես նկարած չկայի, դպրոցում նկարում էի ալբոմներում բան, բայց ես ոչ մի անգամ գրենական պիտույք չեմ ունեցել, չենք կարացել առնենք... Ինձ թվում ա, մարդկանց բնությունը չի ոգեշնչում, մարդկանց էդ ներքինն ա տալի նկարելու»։

Մասնագիտությամբ հաշվապահ, կյանքի զբաղմունքներով՝ գարեջրագործ, լուսանկարիչ, ծաղրանկարիչ և կահույքագործ Զավենին Ալավերդիում Զավոս են ասում։ Իր գործերի տակ այսպես է մակագրում. - «Ակադեմիական նկարիչնին կարան ինձ քննադատեն, որ սա ճիշտ չի, գիծը սենց չեն տանում, շվաքը սենց չեն անում, բայց չեմ ընդունի իրանց էդ ասածը»...

Առաջին անգամ իր գործերը ցուցադրում է Ալավերդու մշակույթի պալատի ցուրտ նախասրահում։ Ինքնակպչուն ժապավենով դրանք փակցրել է պատերին։ Ասում է՝ եկողներին ավելի շատ իր ծաղրանկարներն են հետաքրքրում, խնդրում են բացատրել՝ ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանը էշին թարս նստած, ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շեփորով, ինչո՞ւ է Գեղամ Մանուկյանը մեծ չափսերով կոշիկների մեջ, իսկ Էդմոն Մարուքյանը՝ բիլիարդի սեղանի առաջ, կամ՝ Նիկոլ Փաշինյանը՝ սուզանավով։ Այցելուներն իրենց բացատրությունն են տալիս ու հեղինակի մեկնաբանությունը լսում։

«Իմ կարճ խելքով, սենց քայլերն էկել ա, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, ում ներկայացրել եմ անգլիացի Չերչիլի կերպարանքով, հետո գալիս ա ստի Քոչարյանը ու լիքը հարց առաջացնում բասկետբոլի գնդակների նման, հետո էլ էդ հարցերը մնացին անպատասխան։ Էկավ Սերժ Սարգսյանը, խաղաքարտերը ոնց էլ խառնես, ինքը մի տեղից դուրս ա գալի... Հետո էկավ, էկավ ոչ, բերինք Փաշինյանին։ Ինքն էկավ «Էրատո» սուզանավով, որ կեսից ավելը ջրի տակին ա, թենց էլ չգիտեինք մենք փաստորեն, որ դա սուզանավ ա»...

Պատմում է, օրն ավարտված համարում ու գնում տանն իր անկյունում նոր գործեր ստեղծելու։ Ասում է՝ ծաղրանկարչությունն իր բողոքն է կյանքի ու իրականության արատների մասին՝ առանց ցույցերի, բողոքի ակցիաների ու գոռգոռալու։

Սյուրռեալիստական նկարչությունն իր ապրելու կերպն է՝ կենցաղից, շրջապատից, անգամ ընտանիքից հեռու. - «Բաներ կա, դու չես կարա խոսաս քու րեխանց հետ։ Քու կնգա հետ վաբշե չես խոսա»։

Զավենը նաև վիպակներ է գրում։ Շուտով կտպագրվի նրա առաջին գիրքը։ Հերոսը չստացված ճակատագրով Թերեզան է, որ կարող էր հայտնի գործարար դառնալ, բայց շրջապատի կարծրատիպերի ու արատների պատճառով աղջկա ապագան կործանվել է։ Նման շատ երիտասարդ հայ աղջիկների հատկապես խոպանում է հանդիպել, ասում է Զավենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG