Մատչելիության հղումներ

Երևանում բացվել է գյումրեցի գեղանկարիչ Սամվել Պողոսյանի անհատական ցուցահանդեսը


Գյումրեցի գեղանկարիչ, արդեն 20 տարի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի ամբիոնում դասավանդող Սամվել Պողոսյանի այս օրերին մայրաքաղաքում, Նկարիչների միությունում բացված «Նվիրում» խորագրով անհատական ցուցահանդեսը չի կարող անտարբեր թողնել արվեստասերներին, և այդ մասին է վկայում ցուցահանդեսի բացման օրը լեփ-լեցուն դահլիճն ու արվեստասերների ու արվեստագետների արձագանքը:

Վաստակավոր գեղանկարիչ Խաչատուր Աբրահամյանն ընդգծում է. - «Սա ցուցահանդես-աղոթք է։ Ուրախ եմ, որ Սամվելը ուժ գտավ իր մեջ, որպեսզի իր սրտի ուզածը կարողացավ իր արվեստի միջոցով»։

Գյումրեցի մեկ այլ գեղանկարիչ Հրանտ Միրզոյանի խոսքով. - «Սամվելի հետ մենք երեսուն տարվա ընկերներ ենք։ Ինքն իր խառնվածքով շատ հետաքրքիր անձնավորություն է, և իր նկարչությունը լրիվ իր հոգու արտահայտնությունն է՝ շատ անմիջական, ներքին պոռթկումներով»։

Այս ցուցահանդեսը նվիրվում է 44-օրյա պատերազմին անմահացած զինվորների հիշատակին և պատերազմի մասնակից բոլոր հերոսներին:

Սամվել Պողոսյանի քանդակագործ որդին էլ 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորվել էր և երեկ արդեն 10 –րդ վիրահատության ենթակվել:

«Ճիշտն ասած՝ իմ ցուցահանդեսը պետք է լիներ իմ հոբելյանական ցուցահանդեսը՝ վաթսունյակի առիթով, բայց էս պատերազմը, իմ որդուս վերադարձը... խորագիրը փոխեցինք, դրեցինք «Նվիրում», նվիրում մեր պատերազմում զոհված, վիրավոր և առողջ վերադարձած մեր երիտասարդներին ու հերոս զիվորներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։ - «Ներկայացված է հիսունչորս աշխատանք, որից հինգը կերամիկա է, մնացածը գեղանկար։ Չգիտեմ ինչու, հունական դիզաբանությունն է շատ իմ թեմաներում, մեր աստվածաշնչային թեմաներն են շատ»...

Հարցին, թե այսօր ինչպես է ապրում ու ստեղծագործում գյումրեցի նկարիչը, ինչ հոգսեր ունեն, Սամվել Պողոսյանն արձագանքեց. - «Հոգսերը կան... եթե հոգսերին բան անես, չպիտի ստեղծագործես։ Երբ որ սկսում ես նկարել, էդ հոգսերից էլ ես դուրս գալիս, դու քո հեքիաթն ես ստեղծում»։

Անդրադառնալով Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում իր աշխատանքին՝ գեղանկարիչն ասաց. - «Էս նոր սերնդի մեջ ինչ-որ թարմ ուժ եմ տեսնում, լրիվ նոր գաղափարներ, նոր մոտեցումներ»։

«Ամենակարևոր խաղաղությունն է», - զրույցի վերջում ասաց Սամվել Պողոսյանը։ - «Եթե խաղաղություն էղավ, ամեն ինչն էլ կլինի։ Իմ կարծիքով, ամենկարևորը հիմա պատերազմից, էդ ամեն ինչից հետո խաղաղությունն է։ Մեր արվեստագետներին կոչ կանեի, որ միշտ իրենք ստեղծագործեն, պետք է բոլորին ներգրավել արվեստի մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG