Մատչելիության հղումներ

Facebook-ի երեկվա խափանման պատճառով Մարկ Ցուկերբերգը կորցրել է ավելի քան 6 միլիարդ դոլար


Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ

Տեխնիկական խնդիրներ՝ առանց տվյալների արտահոսքի․ այսպես է Facebook-ի ղեկավարությունը բացատրում համանուն սոցիալական ցանցի, Instagram-ի, WhatsApp-ի և մի շարք այլ ծառայությունների երեկվա խափանումը։

Սոցիալական ցանցները շուրջ վեց ժամ անհասանելի էին տասնյակ միլիոնավոր օգտատերերի համար Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Եվրոպայում:

Համացանցի հիմնական ռեսուրսները վերահսկող Downdetector ծառայությունը տեղի ունեցածն անվանել է ամենամեծ անսարքությունը Facebook-ի ավելի քան 15 տարվա պատմության մեջ:

Սոցիալական ցանցերի աշխատանքը սկսեց վերականգնվել երեկ ուշ երեկոյան, իսկ խնդիրն ամբողջությամբ հնարավոր եղավ վերացնել առավոտյան միայն։ Այդ ընթացքում Downdetector-ն օգտատետերից ստացել էր ավելի քան 10,5 միլիոն բողոք:

Facebook-ի ինժեներների բացատրությամբ, ձախողումը տեղի է ունեցել տվյալների կենտրոնների միջև երթուղիչների կարգավորումների փոփոխությունից հետո։ Facebook-ի մի քանի աշխատակիցներ, որոնք հրաժարվել են նշել իրենց անունները, ավելի վաղ Reuters գործակալությանը հայտնել էին, որ իրենց կարծիքով, խափանումը ընկերության ներքին սխալի հետևանք էր։

Նույն այդ ժամերին, երբ միլիոնավոր մարդիկ չէին կարողանում օգտվել իրենց հաշիվներից, մի շարք աղբյուրներ հայտնեցին, թե հաքերային հարթակներից մեկում վաճառքի են հանվել Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատերերի տվյալներ՝ անուններ, էլեկտրոնային նամակներ, հեռախոսահամարներ: Facebook-ը սակայն հերքում է այս տեղեկությունները, ընկերությունը պնդում է, թե օգտատերերի տվյալների արտահոսք չի եղել։

Ցուկերբերգը ներողություն է խնդրել օգտատերերից

Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել օգտատերերից. - «Ներողություն եմ խնդրում այսօրվա խափանման համար։ Ես գիտեմ, թե որքան կարևոր են ձեզ համար մեր ծառայությունները, որոնք ձեզ թույլ են տալիս կապի մեջ մնալ ձեր հարազատների հետ»։

Եվ եթե շարքային օգտատերերի համար այս խափանումը մի քանի ժամ տևած անհարմարություն էր, ապա Ցուկերբերգը, Bloomberg-ի տվյալներով, այս տեխնիկական խափանման պատճառով ավելի քան 6 միլիարդ դոլար է կորցրել: Նրա կարողությունը նվազել է՝ հասնելով 121,6 միլիարդ դոլարի։ Արդյունքում Facebook-ի հիմնադիրը երեկ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երրորդ հորիզոնականից իջավ հինգերորդ տեղը:

Facebook- ի անհասանելիության պատճառով օգտատերերն ակտիվացել էին սոցալական այլ հարթակներում, ինչի արդյունքում դրանք նույնպես սկսել էին ընդհատումներով աշխատել: Խնդիրներ են նկատվել Telegram և Viber մեսենջերների, Twitter միկրոբլոգների ծառայության և YouTube վիդեոհոսթինգի ծառայությունների, ինչպես նաև Zoom հարթակի և Netflix հոսքային ծառայություններից օգտվողների շրջանում:

«Մարդիկ սկսեցին իրենց հարց տալ, թե արդյոք չափից դուրս շատ չենք դնում մեր կյանքը Facebook-ի վրա»

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով, երեկ երեկոյան հայաստանցիների մի լայն զանգված նյարդայնացած էր, մնացել էին առանց կապի ավանդական միջոցների. - «Ֆեյսբուքահայերը մնացել էին փաստորեն առանց գրելու տեղի, և միանգամից նորից վերաակտիվացել էին Twitter-ի պրոֆիլները, Telegram-ի պրոֆելները։ Հիմնական հարցը սկզբում բոլորի մոտ այն էր, թե ինչ է կատարվում, միայն մեզ մոտ է, թե նաև այլ տեղերում։ Արագ պարզվեց, որ ամբողջ իրականում աշխարհում է այս խնդիրը։ Եվ հետո շատերը շատ հետաքրքիր ռեակցիաներ ունեին։ Կատակներ էին հնչեցնում։ Այն պահին, երբ պարզ դարձավ, որ խափանումը վերաբերում է առհասարակ Facebook-ին ամբողջ աշխարհում, շատերը սկսեցին կատակներ գրել հոսանքի անջատումների մասին, որ այ, Facebook-ն անջատեցին, տանեցիքիս հետ ծանոթացա, պարզվեց շատ հաճելի մարդիկ են։ Այսինքն՝ գաղտնիք չէ, որ մարդիկ օրերով, ժամերով Facebook-ում են, հենց այդտեղ են շփվում և նույնիսկ ֆիզիկական շփումը հաճախ չեն հասցնում, որովհետև Facebook-ում են։ Մոտավորապես էսպիսին էր ռեակցիան։ Պիտի հասկանանք, որ Facebook-ի առաջին անջատումը չէ սա, պարբերաբար էսպիսի դեպքեր արձանագրվել են։ Եվ երևի մարդկանց մոտ ինչ-որ առումով իմունիտետ է ձևավորվել»։

Անվտանգության հետ կապված խնդիրներ Պապյանը չի տեսնում, ասում է՝ նման խափանումներ եղել են ու միշտ կլինի։ Խնդիրը, նրա խոսքով, հայաստանցիների համար ավելի խորքային է. - «Այլ հարց է, որ մարդիկ սկսեցին իրենց հարց տալ մի քանի ժամ Facebook-ից զրկվելուց հետո, թե ի վերջո մեր ինչի՞ն է պետք էս Facebook-ը, արդյո՞ք չափից դուրս շատ չենք դնում մեր կյանքը Facebook-ի վրա։ Այս հարցերը, ես կարծում եմ, շատ ճիշտ հարցեր են։ Որովհետև պիտի հասկանանք, որ նույն Հայաստանի տեղեկատվական անվտանգության տեսանկյունից այդքան էլ ցանկալի չէ և տրամաբանական չէ, որ նման մեծ կախվածություն ունեն կայքերը Facebook-ում իրենց կոնտենտը տարածելուց, կամ քաղաքացիական-հասարակական գործիչները Facebook-ում ստատուս գրելուց»։

Դե իսկ աշխարհի տարբեր երկրներում երեկ կատակում էին, թե վերջապես ժամանակ գտան ընտանիքի անդամների հետ շփվելու։ Աա ամենատարածված կատակն էր։ Բրազիլացի ֆուտբոլիստ Ռիշարլիսոնը, օրինակ,Twitter-ում փոստային աղավնիների նկարներ էր տեղադրել ՝ակնարկելով, թե կապի մոռացված միջոցները նորից ակտուալ են։

XS
SM
MD
LG