Մատչելիության հղումներ

Թող պատերազմները լինեն կինոյում, ոչ թե կյանքում. Նադավ Լապիդ


«Ոսկե ծիրանի» պատվավոր «Վարպետ» մրցանակը այս տարի շնորհվեց իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդին։

Մեկ րոպե լռությամբ հարգելով 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, նաև բոլոր ռազմագերիներին ազատելու կոչով մեկնարկեց «Ոսկե Ծիրան» 18-րդ կինոփառատոնը։

Զուսպ՝ առանց ավելորդ շքեղությունների, առանց կարմիր գորգի ու երաժշտական համեմունքների ամենամյա փառատոնը մոտ երկու տարի ընդմիջումից հետո նորից բացեց հյուրընկալ դռները ավելի քան 7 տասնյակ հյուրերի առջև։

Կինոտոնը մեկնարկեց Բեռլինի կինոփառատոնի դափնեկիր, Կաննի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեղի ծունկը» ֆիլմով։ Սա մի սիրային նամակ է, խոստովանություն կինոյին, որ միևնույն ժամանակ իր մեջ է պահում պատերազմի նյարդը։

«Ոսկե ծիրանի» պատվավոր «Վարպետ» մրցանակը այս տարի պատերազմին մոտիկից ծանոթ իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդին հասավ։

Բացման ֆիլմը պատահական չէր ընտրված։ 18-րդ «Ոսկե ծիրանը» նաև հետադարձ հայացք է պատերազմական թեմաներին. փառատոնում ներառված են ֆիլմեր, որոնք պատմում են այդքան տարբեր, բայց այդքան նույն՝ պատերազմի ցավերի մասին՝ անկախ աշխարհագրությունից։

«Չեմ ցանկանում, որ մեզ միավորեն կոնֆլիկտները, թող դա մնա էկրանին։ Մեզ պետք է միավորի միայն սերը դեպի կինոն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նադավ Լապիդը։ - «Երկրները, որոնք հակամարտության մեջ են, ինչ-որ կերպ մերձենում են։ Հանկարծ պարզում ես, որ նույնատիպ զգացմունքներով ենք ապրում։ Իրոք շատ տխուր է, որ դուք ևս այս պատերազմական ընտանիքի մեջ եք մտել։ Խնդիրն ավելի շատ ոչ թե պատերազմն է, այլ դրա հետևանքները, մարդիկ, որ ապրում են հակամարտությունների հետևանքների, վայրագությունների ստվերում։ Ես կարծում եմ, որ նույնը ձեզ մոտ է։ Եկեք հուսանք, որ ֆիլմը կդիտվի որպես սիրո պատմություն, կմիավորի սիրո, այլ ոչ թե պատերազմի միջոցով։ Եկեք այսպես ասենք՝ թող պատերազմները լինեն կինոյում, ոչ թե կյանքում։ Չգիտեմ կինոն բուժում է թե չէ, բայց կինոն կարող է արտացոլել մեր գոյության խոր ճշմարտությունը, կինոն օգնում է դիմակայել»։

«Հետպատերազմ» անվանակարգում կցուցադրվի ևս մի քանի ժապավեն, այդ թվում Ալեքսի Պարզումյանի «Լեռնային Ղարաբաղ. երկու երեխա պատերազմում» ֆիլմը։

Միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը վստահ է, որ հայկական կինոարվեստը պատշաճ մակարդակով կներկայանա միջազգային էկրաններ գրաված ֆիլմերի կողքին. - «Մեծ հաղթանակ է, որ ունենք ինը կարճամետրաժ ֆիլմ տարածաշրջանային մրցութային ծրագրում»։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ փառատոնը ընթանում է բավականին բարդ ժամանակներում, սակայն երիտասարդներն ավելի ճկուն են աշխարհի փոփոխությանը, դժվարությունները հաղթհարելով առաջ են գնում. - «Արժի ցուցադրել լավագույն ֆիլմերը աշխարհի երիտասարդներին, որոնք կտեսնեն, որ աշխարհը առաջ է գնում, զարգանում է, և կինոն է զարգանում»։

«Կինոն կարելի է ստեղծել առանց ոչնչի», - «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմական երկրներում կինոինդուստրիայի համար ստեղծված դժվարին պայմաններին՝ ասաց Վենետիկի փառատոնների մրցանակակիր, Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի կողմից լավագույն սցենարիստ ճանաչված, «Օսկար»-ի հավակնորդ Փոլ Շրեդերը՝ մատնացույց անելով ձեռքիս հեռախոսը. - «Մենք այնպիսի տարօրինակ աշխարհում ենք հիմա, որ յուրաքանչյուրը կարող է ֆիլմ նկարահանել, բայց ոչ ոք չի կարող պարտադրել սիրել այն։ Կինո կարելի է ստեղծել առանց ոչնչի։ Միացյալ Նահանգներ, Իտալիա, Հայաստան, որտեղ ասեք, պետք է ճեղքել համակարգը, ամենուր այս տարօրինակ տնտեսությունն է։ Իսկ մենք բոլորս՝ ֆիլմ ստեղծողներս, ծայրահեղականներ ենք և թքած ունենք տնտեսության վրա»։

Իր ճանապայրհը հենց այդպես է հարթել դեպի մեծ կինոինդուստրիա՝ Մարտին Սկորսեզի հետ ստեղծելով մի քանի անուն վաստակած ֆիլմեր։ Եվ հենց կինոյում ունեցած մեծ ավանդի համար էլ Շրեդերն երեկ արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։ Այսօր արդեն մասնագիտական խորհուրդներ էր տալիս երիտասարդ կինոգործիչներին։

Կիոնինդուստրիայում մեծ հետք թողած աստղերի հետ առաջիկայում ևս հանդիպումներ են ակնկալվում։ Վաղը իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդը, մոտ օրերս էլ «Ոսկե Ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, հունգարացի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն իրենց փորձը կկիսեն։

Կլինի նաև «Մոնտաժային դասընթաց», պանելային քննարկումներ։ Դե իսկ մի քանի տասնյակ հատընտիր ֆիլմերը էկաններին կցուցադրվեն մինչև հոկտեմբերի 10-ը։

XS
SM
MD
LG