Մատչելիության հղումներ

Աֆղանստանում թալիբները լայն սահմանափակումներ են կիրառում ԶԼՄ և խոսքի ազատության նկատմամբ․ HRW


Աֆղանստան - «Թալիբան»-ի խոսնակի ասուլիսը Քաբուլում, սեպտեմբեր, 2021թ․

Օգոստոսից, Աֆղանստանի վերահսկողությանը հասնելուց ի վեր թալիբները «լայն սահմանափակումներ են կիրառում զանգվածային լրատվամիջոցների և խոսքի ազատության նկատմամբ», - հայտարարում է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Սեպտեմբերի վերջին թալիբների գլխավորած կառավարությունը լրագրողների համար սահմանեց կանոնների ցանկ, որոնք, ըստ քննադատների, դուռ են բացում գրաքննության և հետապնդումների համար:

«Չնայած թալիբների խոստումներին, որ թույլ կտան գործել այն լրատվամիջոցներին, որոնք կհարգեն իսլամական արժեքները, նոր կանոնները խեղդում են զանգվածային լրատվամիջոցների ազատությունը երկրում», - այսօր հայտարարել է HRW Ասիայի տնօրենի տեղակալ Պատրիսիա Գոսմանը: - «Թալիբանի կանոններն այնքան լայնածավալ են, որ լրագրողներն ինքնագրաքննություն են իրականացնում և վախենում են բանտում հայտնվել»:

Օգոստոսին թալիբները հայտարարել էին, թե անկախ լրատվամիջոցները կմնան «ազատ և անկախ», եթե աշխատեն «իսլամական սկզբունքների համաձայն», լինեն արդար և ծառայեն «ազգային շահերին»:

Թալիբները սեպտեմբերի 19-ին հայտարարել են 11 նոր «լրագրության կանոնների» մասին, որոնք արգելում են լրագրողներին հեռարձակել կամ հրապարակել «իսլամին հակասող» պատմություններ, «վիրավորել ազգային գործիչներին» կամ խախտել «գաղտնիությունը»: Լրատվամիջոցներից պահանջվում է նաև նախքան հրապարակումը «պատրաստել մանրամասն հաշվետվություններ» կառավարության նոր կարգավորող մարմնի հետ:

XS
SM
MD
LG