Մատչելիության հղումներ

Երևանում մենահամերգով հանդես կգա Եվգենի Կիսինը


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը, որի ընթացքում կհնչեն Բախի, Մոցարտի, Բեթհովենի և Շոպենի ստեղծագործությունները:

Վերջին անգամ Եվգենի Կիսինը 2017 թվականին է եղել Հայաստանում, բայց, ինչպես համերգից առաջ կազմակերպված լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը. - «Միշտ մեզ համար, ինչքան էլ այցելի Հայաստան, ոնց որ առաջին անգամ լինի։ Մեծ երաժիշտներ կան աշխարհում, բայց էդ մարդկային որակը, որը ինքը ունի, էդ մարդկային մասշտաբները, ինքը միակներից ա, կարելի ասել՝ հանճարեղության մակարդակի։ Եվ ես խոնարհվում եմ իր մեծության առաջ, որ մեր հայ ազգը հանձինս իրեն ունի էդքան նվիրյալ մեծ ընկերոջ, բարեկամի։ Էսօր պատերազմի օրն ա, ու ոնց որ մենք ենք, տառապել, ինքը նույն ձևի մեզ հետ տառապեց էդ ընթացքում։ Եվ ես երջանիկ եմ, որ էս օրն է ինքը էստեղ, նշանակում է, որ մենք հաղթելու ենք մեծ ծրագրերի մեջ։ Հաղթանակը դա մի օրվա խնդիր չի, որ գնացիր, քեզ հաղթեցին կամ դու հաղթեցիր։ Հաղթանակը ավելի մեծ բան ա»։

Աշխարհահռչակ երաժիշտն իրոք հայ ժողովրդի մեծ բարեկամն է: Դեռ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո, և տարիներ շարունակ երաժիշտը բարեգործական համերգներ էր կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում և գումարներն ուղարկում Սպիտակ և Վանաձոր քաղաքներին, նաև աղետի գոտու այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող և բուժման կարիք ունեցող երեխաներին:

Կիսինը Հայաստանում մշտապես հանդես է եկել համերգներով առանց հոնորարների՝ միաժամանակ մերժելով Թուրքիայում ահռելի հոնորարներով հանդես գալու բոլոր առաջարկությունները՝ մինչև Թուրքիան պաշտոնապես չճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվգենի Կիսինը վերահաստատեց իր այդ մտադրությունը՝ երբեք համերգներով հանդես չգալ Թուրքիայում, եթե այդ երկրի կառավարությունը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը: Ի դեպ, այդ մասին նա ասել էր նաև 2015 թվականին ամերիկյան հեղինակավոր թերթերին տված հարցազրույցներում:

Հոկտեմբերի 10-ին լրանում է Եվգենի Կիսինի ծննդյան 50-ամյա տարեդարձը: Նա վերհիշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1984 թվականին 12 տարեկան հասակում մոր ուղեկցությամբ՝ Վլադիմիր Սպիվակովի հանրահայտ «Մոսկովյան վիրտուոզների» կազմում համերգներով հանդես գալու: Հենց այդ առաջին այցելությունից էլ սիրել է մեր երկիրն ու ժողովրդին: Վերհիշեց, թե ինչպես էին իրենք Մոսկվայում կարեկցում և հնարավորինս օգնում Սումգայիթից, Բաքվից Մոսկվայում ապաստանած հայ փախստականներին:

Անցյալ տարվա արցախյան պատերազմի օրերին էլ Կիսինը ներգրավվել էր մեդիա պատերազմի մեջ՝ պատասխանելով ադրբեջաբնամետ ուժերին, որոնց վիրավորական խոսքերը բոլորովին չէին կանգնեցնում մեծ երաժշտին:

Ցավոք, ասում է Եվգենի Կիսինը, արվեստը, մշակույթը, մասնավորապես երաժշտությունը հաճախ չեն կարողանում որևէ դեր խաղալ աշխարհացունց իրադարձությունները կանխելու համար. - «Մի կողմից, ես, որպես արվեստի մարդ, կցանկանայի հուսալ, որ արվեստը կարող է դրական դեր խաղալ, ցանկության դեպքում մենք կարող ենք ինչ-որ բան փոխել։ Բայց մյուս կողմից, ավաղ, կյանքը ցույց է տալիս, որ արվեստի դերը իդեալականացնել չարժե, քանի որ արվեստը, ինչպես և ընդհանրապես ամեն ինչը, կարող է օգտագործվել և' ի բարօրություն մարդկանց, և' հակառակը», - ասաց Եվգենի Կիսինը՝ նշելով, որ անձամբ ինքը մշտապես փորձել է օգտակար լինել մարդկանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG