Մատչելիության հղումներ

«Ջանք չենք խնայելու Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության տևական լուծում գտնելու համար». Մակրոնը ուղերձ է հղել Սարգսյանին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով, այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

Ֆրանսիական պետության ղեկավարը գնահատում է «այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ անկախության ձեռքբերումից ի վեր, ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար, անցել է հայ ժողովուրդը»: «Այսպիսով՝ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Ձեր երկրին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

«Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը», - իր ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահը։

«Եվ վերջապես, մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում», - գրել է Մակրոնը Սարգսյանին։

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահն իր ուղերձը՝ հայերենով, տեղադրել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

XS
SM
MD
LG