Մատչելիության հղումներ

Արևաշողցիները գյուղի կարի ֆաբրիկան վերագործարկելու համար ներդրող են փնտրում


Արևաշողցի Մելանյա Աբրահամյանը աշխատանքի ժամանակ
Արևաշողցի Մելանյա Աբրահամյանը աշխատանքի ժամանակ

Լոռու մարզի Արևաշող գյուղում կարի գործը տնից տուն, սերնդից սերունդ է փոխանցվել։ Բնակիչներն ասում են՝ այդպիսի տուն չկար, որ խորհրդային տարիներին աշխատող չունենար գյուղում գործող կարի ֆաբրիկայում։ Հարսների օժիտում կարի մեքենան պարտադիր բան էր, ասում է արևաշողցի Մելանյա Աբրահամյանը։ «Սա իմ կեսուրիս օժիտն ա էղել, որ ես սիրով օգտագործում եմ արդեն 38 տարի։ Աֆիցիալնի չեմ սովորել դերձակություն, բայց կարել եմ, ստացվել ա», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Տիկին Մելանյան Արևաշողի երբեմնի ֆաբրիկայի կարող բանվորուհիներից մեկն է եղել։ Դերձակի հմտությունները մորից է սովորել ու տարիներ շարունակ ֆաբրիկայում կիրառել։ Վաղուց արդեն ձեռնարկությունում չի աշխատում, բայց իր սեփական փոքրիկ արհեստանոցն է դրել՝ գյուղի բնակիչներին ծառայելու համար։ «Չմահավան էլ եմ ունեցել հաճախորդներ, որ միլիմետրի տարբերությունը ուղղել են տվել, բայց գոհ են գնացել․․․․»։

Ասում է՝ անգամ հարևան գյուղերում է հայտնի լավ դերձակի իր համբավը։ Չնայած արդեն նախկինի նման չէ, խանութներում ամեն ինչ կգտնես, բայց միևնույն է՝ տիկին Մելանյայի ձեռքի կարածը և՛ մատչելի է, և՛ իրենց ուզածով։ Հատկապես անկողնային պարագաների հարցում խանութներում իրենց հարմար չափսերով ու գույներով չեն գտնում, ասում է Արևաշողում հայտնի դերձակը։

Մինչև հազար աշխատող ունեցած ֆաբրիկայի շենքն այսօր ավերակների է նման։ 90-ականներին սեփականաշնորված ձեռնարկությունից առանց պատուհանների պատերն են մնացել ու կոճակների մի մեծ կույտ։ Տարիներ առաջ այստեղ անգամ հումք ու կարի մեքենաներ էին մնացել, բայց դրանց տեղափոխելուց հետո ֆաբրիկան վերականգնելու բնակիչների հույսը կորել է։

Համագյուղացի Ալվարդ Համբարյանը, որ Արևաշողի կարի ֆաբրիկայում կադրերի բաժնի վարիչ է եղել, ասում է՝ սեփականատիրոջը մնար՝ շենքն էլ կքանդեր, բայց գյուղով կանգնել, արգելել են․ - «Էկավ որ վաճառի, մենք գեղովի հավաքվեցինք ու չթողացինք, որ դու դրա իրավունքը չունես»։

Արևաշողի 45 բնակիչներ ֆաբրիկայի սեփականաշնորհման ժամանակ համասեփականատերեր են դարձել՝ ընդհանուր առմամբ ընկերության 36 տոկոսի չափով, և չեն համաձայնել իրենց 25-հազարական դրամները վերցնել ու հրաժարվել ֆաբրիկան երբևէ գործարկելու մտքից։

«Բաժնետեր են մեր գյուղացիք, ունեն իրանց սերտիֆիկատները, իրանց բաժինը ապահովի՝ թույլ տանք՝ ինչ անում ես արա։ Էն էլ թողացած անգարը, մեքենաները տարել էին իրանք, անգարը որ վաճառեն էլ՝ չեն կարա ապահովի սերտիֆիկատները։ Դրա համար, մեզ ավելի հարմար ա՝ ներդրող բերենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալվարդ Համբարյանը։

Այժմ բնակիչներով իրենց համայնքապետի հետ ներդրողներ են փնտրում՝ հույսով, թե գյուղում ավանդական դարձած կարի գործը մի օր էլի իրենցը կդառնա, նախկին եռուզեռը կվերականգնվի: «Երիտասարդ աշխատողներ ունենք, լավ բանվորներ, բանվորուհիներ ունենք, որ սպասում են՝ որ օրը որ աշխատի՝ իրանք ներգրավվեն», - նշեց տիկին Ալվարդը։

2800 բնակիչ ունեցող Արևաշողը կառավարության նախագծով առաջիկայում կարող է միանալ հարևան Սպիտակ քաղաքին։ Արևաշողցիները դեմ են այս ծրագրին, կարծում են, թե իրենք իրենց գյուղի կարիքները սեփական ուժերով կարողանում են լուծել։ Անգամ համոզված են, որ առաջիկայում ֆաբրիկան վերագործարկելու համար ներդրող կգտնեն։ Ստորագրահավաք են կազմակերպել ու իրենց բողոքը հասցրել կառավարություն ու Ազգային ժողով։ Մեկ շաբաթից Ազգային ժողովը խոշորացման հարցով օրենք կընդունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG