Մատչելիության հղումներ

Պուտինի դիմանկարով մեծադիր պաստառներ՝ նախընտրական Գյումրիում


Ի՞նչ առնչություն ունի Վլադիմիր Վլադիմիրովիչը նախընտրական Գյումրիի հետ՝ ոչ քաղաքապետ թեկնածու է, ոչ էլ ընտրություններին մասնակցող կուսակցական։ Տեղական ընտրություններին պատրաստվող Գյումրիի փողոցներում Ռուսաստանի առաջնորդի դիմանկարով պաստառները մի շարք հարցեր են առաջացրել՝ ինչո՞ւ է օտար պետության ղեկավարի նկարը հայտնվել քաղաքում, և ովքե՞ր են գաղափարի հեղինակները։

«Հավերժ միասին» ու «Նավեկի վմեստե» գրառմամբ պաստառի վրա Պուտինից բացի նաև Կրեմլն է պատկերված, Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները։ Հակառակ կողմում Հայաստանի կոմունիստական կուսակցության գովազդն է։ Տեղական ընտրություններին մասնակցող Կոմկուսն այստեղ էլ «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսն է օգտագործում։ Կոմկուսից, սակայն, պնդում են, թե Պուտինի պաստառը անհատական նախաձեռնություն է, կուսակցականներից Երջանիկ Ղազարյանն է դրանք պատվիրել։

Ինքը՝ երևանաբնակ Երջանիկ Ղազարյանը, որը չի կարող մասնակցել Գյումրիի ընտրություններին, «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց ասել, թե քանի պաստառ է պատվիրել, որքան գումար է ծախսել, կամ ով է այդ գումարը տրամադրել։ Պնդում է, թե այդ պաստառներով, որ Գյումրիից բացի նաև Գորիսում են տեղադրվել, արդարությունն է վերականգնել։

«Գտնում եմ, որ անարդար էր, որ լինի օդանավակայանի ճանապարհին էդ Բայդենի պաստառը՝ «Շնորհակալություն Բայդենին», Ցեղասպանության համար՝ Ցեղասպանություն եզրույթն է նա արտահայտել այս տարի, այն դեպքում, երբ Ռուսաստանը դեռևս 1995 թվականին ընդունել է Ցեղասպանությունը, և Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին անձամբ Վլադիմիր Պուտինը ներկա է եղել, մասնակցել է այդ միջոցառումներին։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ո՞վ է մասնակցել, ո՞ր պաշտոնյան և ի՞նչ կարգավիճակ ունեցող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ շարունակելով․ - «Եվ ես գտել եմ, որ դա անարդարացի է, գտել եմ՝ եթե կա, դա իմ իրավունքն է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես էլ գտել եմ՝ ճիշտ կլինի, որ նաև լինի Վլադիմիր Պուտինի էդ պաստառը»։

«Հավերժ միասին» գրության մեկնաբանությունն էլ ունի Երջանիկ Ղազարյանը․ - «Իսկ ի՞նչ տեսակի գրություն պետք է լիներ։ «Հավերժ միասին» կամ «Հավերժ Ռուսաստանի հետ»՝ դա միշտ եղել է հայ ժողովրդի մեծամասնության կարծիքը։ Իհարկե, ես շատ լավ գիտակցում եմ՝ էս 30 տարիներին ինչ աշխատանք է տարվում՝ խաթարելու, որը մասամբ նաև հաջողվել է, հայ - ռուսական հարաբերությունները, ում կողմից, ինչ ձևով, և մենք գտնում ենք, որ դա ճիշտ չի, դա շատ ավելի վատ, շատ ավելի սխալ է»։

Ղազարյանը նաև պնդում է, թե Պուտինի պաստառները փակցնելու հարցը կուսակիցների հետ չի քննարկել, ասում է՝ դրա անհրաժեշտությունը չկար․ - «Ես կուսակիցների հետ այս հարցում՝ Վլադիմիր Պուտինի պաստառը տեղադրելու հարցով, պետք էլ չի եղել նրանց կարծիքը հայտնել։ Կարծիքը՝ դա երբ որ կուսակցական է, կուսակցականների որոշումն է, կուսակցության որոշումն է․․․ »։

Գյումրիում Վլադիմիր Վլադիմիրովիչի պաստառի հարևանությամբ ապրողներից ոմանք այն չէին նկատել, ոմանք տարակուսած էին՝ այլ պետության ղեկավարի պաստառն ինչո՞ւ է հայտնվել մեկ այլ պետության քաղաքներում։

«Տեղադրողները չգիտեն ինչ են մտածել, որ տեղադրել են, քանի որ չի կարելի, էլի, մենք անկախ երկիր ենք, ունենք մեր պետականությունը, նշում ենք մեր անկախության տոնը, իսկ սենց չի նպաստում դրան, էլի, որ մենք առաջնորդվենք դրանով։ Ամոթ է ուղղակի», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց մի գյումրեցի՝ հավելելով․ - «Ուզում են ասեն, որ շուտով դուք ձեռք եք քաշելու ձեր անկախությունից»։

Պուտինի «ներկայությունը»Հայաստանի քաղաքներում սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել։ Իրավապաշտպան, խորհրդային տարիների այլախոհ ու քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանին Հայաստանի անկախության 30-ամյակին ընդառաջ փակցված այս պաստառները ոչ թե հայ-ռուսական բարեկամությունն են հիշեցնում, այլ Կոմունիստական կուսակցության ժամանակաշրջանը։

«Փորձում են մեզ վերադարձնել էն անցյալը, որ վաղուց է արդեն չկա, գոյություն չունի, ըստ էության՝ անցյալ, որը որ մենք մերժել ենք, մի իրականություն, որը պատմության կողմից մերժվել է և գնահատվել է որպես վատ՝ մեղմ ասենք վատ, իսկ իրականում՝ հանցագործ իրականություն, հիմա փորձում են մեզ վերադարձնել։ Ճիշտն ասած՝ չգիտեմ նույնիսկ, թե ում թեթև ձեռքով է դա տեղի ունենում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Պաստառի տեղադրման թույլտվությունը տալիս է համայնքապետարանը: Փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի պարզաբանմամբ՝ քանի որ վահանակը գովազդային ընկերությանն է պատկանում, Գյումրիի քաղաքապետարանը սահմանափակվում է միայն տեղական տուրքի գանձմամբ ու գովազդային ընկերությանը թույլտվություն տրամադրելով։

Գյումրիում Պուտինի 18 քառակուսի մետրանոց երկու պաստառ է տեղադրված: Նախաձեռնողը որպես տեղական տուրք քաղաքապետարանին 40 հազար 500 դրամ է վճարել։

Կոմունիստ Երջանիկ Ղազարյանը չի բացառում, որ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այլ պաստառներ էլ պատվիրի։

Կոմկուսը վերջին երկու՝ 2018-ի ու 2021-ի խոհրդարանական արտահերթ ընտրություններին չի մասնակցել, իսկ դրանից առաջ՝ 2017-ին, ստանալով մոտ 12 հազար ձայն՝ չի հաղթահարել անցողիկ շեմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG