Մատչելիության հղումներ

Հայաստանը Հաագայի դատարանում դատի է տվել Ադրբեջանին


Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում

Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, հինգշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը:

Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:

«Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», - ասված է հայցադիմումում:

Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:

Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը», ինչպես նաև «ծայրաստիճան հրատապությունից» ելնելով նախնական միջոցներ կիրառելու ցուցում տալ՝ «պաշտպանելու և պահպանելու Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասից, կանխելու այս վեճի սաստկացումը և ընդլայնումը»:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG