Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում» միջազգային գիտաժողովը


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարության

Այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպել են Հայոց ցեասպանության թանգարան-ինստիտուտը, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և Հայագիտական ուսմանց ընկերակցությունը:

Գիտաժողովի ծրագրում շատ ուշագրավ թեմաներ են ընդգրկված՝ ժամանակակից ցեղասպանագիտության վերլուծական հարցադրումներով և կոնկրետ առաջարկներով:

«Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը արդեն երկրորդ հարյուրամյակի մեջ է մտնում։ Մենք ուզում ենք հասկանանք, թե ինչ մարտահրավերներ են կանգնած 21-րդ դարում Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրողներ առջև։ Տարբեր թեմաներ ենք առանձնացրել, տարբեր խումբ հարցեր, չորս տասնյակ հետազոտողներ են մասնակցում գիտաժողովին։ Զեկուցումներ են ներկայացված նաև աշխարհի տարբեր երկրներից՝ Հունաստանի, Իսրայելից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ունի մի ավանդություն՝ յուրաքանչյուր գիտաժողովին զուգահեռ բացել նոր, ժամանակավոր ցուցադրություն: Այսօր ևս գիտաժողովի մեկնարկից առաջ բացվեց գիտաժողովում ընդգրկված թեմաներին համահունչ՝ հայոց պահանջատիրությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և հայերի համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով, որտեղ շատ ուշագրավ փաստաթղթեր են ներկայացված:

«Սեփականության վկայականներ կամ կալվածագրեր են, որոնք որ պատկանել են հայ մարդկանց, անհատների։ Եվ այժմ դրանք արդեն ձեռք են բերել հենց պահանջատիրական բաներ ներկայացնելու համար իրավական հիմքերի դեր։ Պահանջատիրության համար կարևոր փաստաթղթեր են։ Այլ բան է, որ եթե դրանք նախկինում հարյուր հազարներով էին, այժմ շատ քիչ են մնացել։ Որոշեցինք պարզապես մարդկանց ցույց տալ, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ սեփականության վկայականները։ Դրանք օսմաներենով գրված փաստաթղթեր են, յուրահատուկ կնիքով։ Գրված է՝ այսինչ-այսինչյանին է պատկանում այսինչ տեղը գտնվող ջրաղացը... Մենք Հայաստանում չունենք ի մի բերված կալվածագրերի ժողովածու, որոնք որ թարգմանաբար կներկայացնեին, ինչպես նաև կոմենտարներ կներկայացնեին դրանց մասին։ Դրա համար մենք որոշել ենք ցույց տալ այն, ինչ որ կա։ Դրան զուգահեռ, տեքստերի միջոցով անդրադարձ է արված այն հարցին, թե ինչ է հայոց պահանջատիրությունը, դրա էությունը, ծագումը, փուլերը, լքյալ գույքի մասին օրենքը։ Որովհետև թուրքերը իրենց ոճրագործությունները փորձում էին օրինականացնել, հայերի սեփականությունը իրենցով անելու ճանապարհին նրանք օրենքներ էին ընդունում, որոնք ամբողջ քսաներորդ դարի ընթացքում անընդհատ կատարելագործել են, անգամ 21-րդ դարում, 2001 թվականին անդրադարձ է եղել լքյալ գույքին», - նշեց Մարությանը։

Եռօրյա գիտաժողովի մասնակիցները գիտավերլուծական քննության խնդիր են դարձրել նաև արցախյան հիմնահարցը, մասնավորապես՝ անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում տեղ գտած ցեղասպանական բնույթի գործողությունները Ադրբեջանի կողմից: Երկու նիստ և մեկ կլոր սեղան է նվիրված այդ թեմային:

«Շատ կան հրապարակախոսական բնույթի հոդվածներ, հարցազրույցներ, քաղաքական գործիչների կողմից բարձրացված հարցեր, բայց ժամանակն է արդեն, որ դրան անդրադառնան նաև հետազոտողները, գիտնականները։ Այստեղ փորձ է արվում տարբեր տեսանկյուններից, ասենք՝ մշակութային ցեղասպանության... թե ինչ են անում ադրբեջանցիները հայոց պատմամշակութային հուշարձանների հետ, որը մշակութային ցեղասպանության տիպիկ օրինակ է։ Եվ ի վերջո, մենք նոր տիպի մշակութային ցեղասպանության ենք ականատես լ ինում, երբ սուտն ու կեղծիքն են այդ գործառույթը իրենց վրա վերցնում։ Կարող է նաև ոչինչ չոչնչացնեն, բայց մեջտեղ է բերվում կրկին ուդիական տեսությունը և ստի ու կեղծիքի միջոցով աշխարհին ներկայացնում են, որ մշակույթը հայերինը չի, ուրիշինն ա։ Դա նոր երևույթ ա, իհարկե, միշտ եղել են նման ոտնձգություններ, բայց հիմա շատ ավելի համակարգված է դարձել։ Ու մշակութային ժառանգությունից քեզ զրկում են արդեն այլ ճանապարհով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG