Մատչելիության հղումներ

Պատրուշևի հետ հանդիպմանը Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Դուշանբեում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևի և Արմեն Գրիգորյանի հանդիպումը։

«Քննարկվել են երկու երկրների իշխանական մարմինների առաջ կանգնած խնդիրները՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդունված որոշումները կատարելու համատեքստում»,- հաղորդում է ՌԴ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ նրանք նաև քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու, ինչպես նաև հրատապ հարցեր, կապված իրավապահ գերատեսչությունների և ուժային կառույցների առաջիկա շփումների հետ։

Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակն իր հերթին փոխանցում է, որ անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես Գրիգորյանը ներկայացրել է դեռ մայիսից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է:

Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը: ԱԽ քարտուղարը շեշտել է` ՀՀ-ն հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը, ըստ նրա, կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Նիկոլայ Պատրուշևը ևս կարևորել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արմեն Գրիգորյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա նրանք շուտափույթ վերադարձը:

Ըստ հաղորդագրության` Նիկոլայ Պատրուշևը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին ևս` այս հարցում կարևորել Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG