Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի թատրոնը հայաստանյան բեմերում կներկայացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ» պիեսը


Այս շաբաթվա վերջին օրերին՝ սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործության հիման վրա բեմադրված  Կարինե Քոչարյանի պիեսը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Սունդուկյանի անվան թատրոնի նախկին դերասանուհի, վերջին 28 տարում Նյու Յորքում բնակվող և ստեղծագործող Կարինե Քոչարյանը ներկայացրեց բեմադրության ստեղծման պատմությունը. - «Ես հինգ ամիս եղել եմ Արցախում, այնտեղ եմ գնացել Նյու Յորքից։ Այդ հինգ ամսվա մեջ բեմադրել եմ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությունը։ Գնացել եմ Արցախ, որովհետև պատերազմից հետո մտածել եմ, որ ուզում եմ ֆիզիկապես իրենց կողքին լինեմ և ինչ-որ ձևով իրենց աջակցեմ։ Թեև իրենց աջակցելու համար էնտեղ գնացի, բայց իրենք ինձ օգնեցին, ավելի հույս ու հավատ տվեցին։ Նյու Յորքում զբաղվում եմ թատերական գործունեությամբ, ունեմ իմ 26 տարվա «Սփյուռքի ձայնը» հեռուստահանդեսը։ Վերջին շրջանում հաղորդումներ էի անում Արցախից»։

Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել Արցախում և երեք օր շարունակ լեփ-լեցուն դահլիճի հանդիսատեսը շատ ջերմ ընդունելության է այն արժանացրել. - «Հոտնկայս, արցունքախառը, հուզված ծափահարություններով։ Բայց ես դրանից հետո որոշեցի, որ մենք պետք է գանք Հայաստան, ներկայացումը հանձնենք Հայաստանի ժողովրդին, որպեսզի իրենք տեսնեն արցախցուն, արցախի դերասաններին, Արցախի թատրոնը»։

Երևանում ներկայացումները տեղի կունենան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այնուհետև թատերախումբը կմեկնի մարզեր՝ մինչև այս ամսվա վերջը հյուրախաղերով հանդես գալու Արտաշատում, Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում: Հյուրախաղերը կամփոփվեն «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնին մասնակցությամբ:

Կարինե Քոչարյանը 2015 թվականին հայ հանդիսատեսի դատին է հանձնել նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված թուրք գրող Քեմալ Յալչնի «Հոգիս ձեզ մոտ կխայտա» գործի հիման վրա ստեղծված իր բեմադրությունը, որը ներկայացվել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում. - «Այդ գործը դոկումենտալ գործ էր անատոլիական գյուղերում գաղտնի ապրած հայերի մասին, ծպտյալ հայերի մասին։ Բոլոր կերպարները իրական, դոկումենտալ կերպարներ էին։ Շրջել էր ամբողջ էդ գյուղերով և հավաքել էս պատմությունները, և շատ իրական, շատ հուզիչ, շատ սահմռկեցուցիչ պատմությունների հիման վրա գրել էր գիրքը։ Ես էդ գիրքը դարձրի պիես»։

Հայոց ցեղասպանությանը նվիրված իր այդ բեմադրությունը Կարինե Քոչարյանը նախ ներկայացրել է Միացյալ Նահանգներում, ապա նոր միայն Հայաստանում՝ նպատակ ունենալով նախ օտարներին ներկայացնել, թե ինչ է կատարվել Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ: Իսկ Հայաստանում ներկայացումներին մասնակցել է նաև թուրք գրող Քեմալ Յալչնը. - «Գրողին էլ էի հրավիրել, որը ներկայացից հետո չոքում էր ամեն անգամ և ներողություն խնդրում։ Արդեն ներկայացումը սկսվում էր էդ բառերով՝ ես որպես թուրք գրող, իմ անունից և իմ ազգի անունից ներողություն եմ խնդրում»։

Իսկ իր այս նոր բեմադրությունը՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը արցախյան թատերախմբի հետ Կարինե Քոչարյանը մտադիր է ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, նաև իհարկե Միացյալ Նահանգներում: Նա հանդիսատեսին հետևյալ ուղերձն է հղում. - «Ես վստահ եմ, որ շատերդ կուզենայիք գնալ Արցախ, արցախցուն մի հատ գրկել, մի լավ բան ասել, բայց հնարավորությունները միշտ չէ, որ ներում են, ցանկություններին համապատասխանում են։ Բայց էս դեպքում Արցախն ա եկել, եկեք, թող վարագույրը որ բացվի, իրենք տեսնեն լեփ-լեցուն դահլիճներ ու հասկական, որ Հայաստանը, հայաստանցին, համենայն դեպս ժողովուրդը իրենցից երես չի թեքել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG