Մատչելիության հղումներ

Պուտին․ «Սիրիայի գլխավոր խնդիրը երրորդ պետությունների անօրինական ռազմական ներկայությունն է»


«Սիրիայի առջև ծառացած գլխավոր խնդիրը երրորդ պետությունների անօրինական ռազմական ներկայությունն է այդ երկրի տարածքում», - երկուշաբթի երեկոյան Կրեմլում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։

«Ըստ իս, գլխավոր խնդիրը, այնուամենայնիվ, օտարերկրյա ռազմական ներկայությունն է երկրի մի շարք շրջաններում՝ առանց ՄԱԿ-ի թույլտվության և Ձեր կառավարության համաձայնության։ Դա ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Այդ հանգամանքը Ձեզ հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման համար, որպեսզի Դուք կարողանաք երկիրը վերականգնել այն տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե [Սիրիայի] ողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից», - դիմելով իր սիրիացի պաշտոնակցին՝ նշել է Ռուսաստանի նախագահը։

Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտինի հայտարարության գլխավոր հասցեատերը Թուրքիան է, որն առանց պաշտոնական Դամասկոսի համաձայնության երկրի հյուսիսում 100-ից ավելի ռազմաբազա, հենակետ և ուժեղացված անցակետ է տեղադրել։ Թուրքիայից բացի, առանց Դամասկոսի համաձայնության, Սիրիայի մի շարք շրջաններում սահմանափակ ներկայություն ունեն նաև ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերը։ Հիշեցնենք, որ Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի մեծ մասը դուրս էր բերվել դեռ 2019 թվականի աշնանը՝ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի որոշմամբ։

Բաշար Ասադի մոսկովյան այցի մասին նախապես հայտարարված չէր, իսկ բանակցությունները պատկերող տեսագրությունը Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակեց նախագահների հանդիպման ավարտից ավելի քան 15 ժամ հետո։

Վերջին անգամ Ասադն ու Պուտինը հանդիպել էին ավելի քան 1,5 տարի առաջ՝ դեռ մինչև կորոնավիրուսի համաճարակի բռնկումը։ 2020 թվականի հունվարի 7-ին՝ ուղղափառ Ծննդյան տոներին, Պուտինը մի քանի ժամով մեկնել էր Դամասկոս՝ բանակցություններ անցկացնելով Սիրիայի նախագահի հետ։ Վերջին հանդիպումից հետո, ըստ Ռուսաստանի նախագահի, իրադրությունը Սիրիայում զգալիորեն փոխվել է և կենտրոնական իշխանությունները շատ ավելի վստահորեն են վերահսկում իրավիճակը։

«Ահաբեկիչներին լուրջ, նշանակալի վնաս է հասցված, և Սիրիայի կառավարությունը՝ Ձեր գլխավորությամբ, այժմ վերահսկում է [երկրի] տարածքի 90 տոկոսը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ուշագրավ է, ի դեպ, որ Բաշար Ասադը Մոսկվա ժամանեց Սիրիայի տարածքում իրականացված հերթական ռուս-սիրիական համատեղ գործողության ավարտից մի քանի օր անց։ Անցած շաբաթ կառավարական զորքերին, Սիրիայում գործող «Հաշտեցման ռուսական կենտրոնի» աջակցությամբ, հաջողվեց վերահսկողություն հաստատել Հորդանանի հետ սահմանին գտնվող Դերաա քաղաքի հանդեպ։ Դամասկոսի և Մոսկվայի այս հաջողությունը շատերը խորհրդանշական են համարում, քանի որ 2011 թվականին Բաշար Ասադի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները սկիզբ էին առել հենց Դերաայում։

Ընդհանրապես նկատելի էր, որ երեկ կայացած բանակցությունների ընթացքում Սիրիայի նախագահը հատուկ շեշտադրումներ էր կատարում հատկապես Մոսկվայի և Դամասկոսի ձեռնարկած համատեղ ռազմական ջանքերի վրա։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և վարակի նման տարածվում է ողջ աշխարհով, կարող եմ ասել, որ մեր երկու երկրների բանակները լուրջ ներդրում ունեն այդ չարիքից աշխարհն ապահովագրելու գործում», - հայտարարել է Բաշար Ասադը։

Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Բաշար Ասադը նաև հիշեցրեց, որ արդեն գրեթե երեք տարի է, ինչ Սիրիայում ճգնաժամի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները՝ այսպես կոչված, Աստանայի և Սոչիի գործընթացները սառեցված վիճակում են։ «Կան որոշ պետություններ, որոնք ապակառուցողական ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների ծավալման վրա», - նշել է Սիրիայի նախագահը՝ չհստակեցնելով, սակայն, այդ երկրների շրջանակը։

Երկուշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը չշրջանցեց նաև Սիրիայի ներքաղաքական պրոցեսները՝ շնորհավորելով Ասադին գարնանը կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հիշեցնենք սակայն, որ մայիսի 26-ին կայացած այդ ընտրությունների արդյունքները միջազգային հանրության մեծ մասը չի ճանաչել։ Այդ ընտրություններում Բաշար Ասադի մրցակիցները բացառապես իշխանության վերահսկողության տակ գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին։

«Ընտրությունների արդյունքները վկայում են, որ մարդիկ ձեզ վստահում են և չնայած նախորդ տարիների բոլոր բարդություններին և ողբերգություններին, երկրի վերականգնման և բնականոն կյանքին վերադառնալու գործընթացները նրանք հենց ձեր անվան են հետ են կապում», - նշել է Ռուսաստանի նախագահը:

XS
SM
MD
LG