Մատչելիության հղումներ

Բուլղարիայում երրորդ անգամ տեղի կունենան արտահերթ ընտրություններ


Նախագահ Ռումեն Ռադևի խորհրդակցությունը Բուլղարիայի ԿԸՀ-ի ղեկավար կազմի հետ, Սոֆիա, 8-ը սեպտեմբերի, 2021թ.

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն այսօր հայտարարել է, որ մտադիր է երկրում նշանակել այս տարվա ընթացքում թվով արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ նախորդ երկուսից հետո քաղաքական ուժերը չեն կարողացել կառավարություն կազմել:

Ռադևի փոխանցմամբ, երրորդ արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 14-ին՝ նախագահական հերթական ընտրությունների օրը:

«Դա թույլ կտա խնայել պետական միջոցները և մեր քաղաքացիների ժամանակը, ակնհայտ է, որ Ազգային ժողովի և նախագահական նախընտրական արշավները գործնականում կմիավորվեն»,- ասել է նախագահը:

Նա հայտնել է, որ մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու: Այսօրվա դրությամբ նա միակ թեկնածուն է:

Բուլղարիայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նախ ապրիլի 4-ին, ապա հուլիսի 11-ին:

Բուլղարիայի սոցիալիստաան կուսակցությունը և «Կա՛ այդպիսի կուսակցություն» անվամբ քաղաքական կառույցը հայտնել են, որ սատարելու են Ռադևի թեկնածությանը և իրենց շարքերից ոչ մեկի չեն առաջադրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG