Մատչելիության հղումներ

Մշակութային լուրեր


Այս տարի լրանում է Հովհաննես Չեքիջյանի 93-ամյակը

Այս տարի լրանում է Հայաստանի ազգային հերոս, ժողովրդական արտիստ 93-ամյա մաեստրո Հովհաննես Չեքիջյանի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարելու 60 -ամյակը: Ճիշտ 6 տասնամյակ աշխարհի լավագույն դիրիժորներից մեկը ղեկավարում է երգչախումբը, որն ավելի քան 1000 համերգով նրա ղեկավարությամբ հանդես է եկել աշխարհի ամենատարբեր հեղինակավոր բեմերում՝ ներկայացնելով հայկական և եվրոպական երգչախմբային լավագույն ստեղծագործությունների մեծ ընտրանի:

Օրերս ի նշանավորումն այս հոբելյանի և ի մեծարում բազմավաստակ դիրիժորի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մի հրաշալի համերգ՝ «Հովհաննե Չեքիջյան՝ 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրի ներքո: Ինքը՝ մաեստրոն համերգը պատմական կոչեց ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար՝ հավելելով, որ իր գործը հեշտ չի եղել, սակայն երբեք չի հուսահատվել և այս ամենին հասել է իր աշխատասիրության և համառության շնորհիվ: Եվ կրկին ծերունազարդ մաեստրոն 60 տարի իր ղեկավարած երգչախմբի հետ հիացրեց երաժշտասերներին:

Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին հանդես եկան նաև այլ անվանի երաժիշտ կատարողներ, երաժշտական ու պարային համույթներ:

Նիք Վալլելոնգայի «Սողոմոնի երգերը» ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին

Ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգան հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց իր` «Սողոմոնի երգերը» ֆիլմը, որը հայ-ամերիկյան համատեղ արտադրություն է և նկարահանվել է նաև ՀՀ պետական աջակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Արման Նշանյանը, ֆիլմում նկարահանվել են հայ անվանի դերասաններ, Կոմիտասի դերակատարն է Սամվել Թադևոսյանը: Ֆիլմը պատմական դրամա է, անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը և ներկայացնում է 1881-1915 թվականներին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները, Կոմիտաս վարդապետի մանկությունը, որ համընկել է Համիդյան ջարդերին:

Մինչ ֆիլմի պրեմիերան Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ Հայոց ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար: «Ֆիլմը ստեղծել եմ որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչելի լինի Հայոց ցեղասպանության թեման», - պարգևատրվելիս ասել է ամերիկացի անվանի կինոգործիչը՝ Նիք Վալլելոնգան:

Տեղի ունեցավ Դարակջյանի հեղինակած Արամ Խաչատրյանի դիմաքանդակի նվիրատվությունը տուն-թանգարանին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում էլ երեկ տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Դարակջյանի հեղինակած Արամ Խաչատրյանի դիմաքանդակի նվիրատվությունը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց. «Արամ Խաչատրյանն այն եզակի համաշխարհային երևույթներից է, ում երաժշտական հնչյունները, ում ժառանգությունը և անձամբ իր սեփական պատկառելի և վեհաշունչ անձը ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել բազմաթիվ այլ արվեստագետների: Այդ են վկայում բազմաթիվ արվեստի գործեր, ցուցանմուշներ, որոնք պահպանվում են մեր տուն-թանգարանի հավաքածուում և ներկայացվում, ցուցադրվում ողջ թանգարանային տարածքում: Ես շատ ուրախ եմ, որ այսօր այդ ցանկին ավելանում է ևս մեկ այլ հրաշալի արվեստի գործ, որի հեղինակն է մեր հյուրը՝ Մոնրեալում բնակվող մեր հայրենակից, հրաշալի արվեստագետ և անձնվեր հայ պարոն Մկրտիչ Դարակջյանը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG