Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 3 թեկնածուն էլ անցել է հարցազրույցի փուլը. Սասուն Խաչատրյանն ամենաշատ միավորներն է ստացել


Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդն այսօր կառավարությանն է ներկայացրել մրցույթը հաղթահարած թեկնածուներին։ Առաջադրված 3 թեկնածուներն էլ անցել են հարցազրույցի փուլը, նրանց թվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) գործող պետ Սասուն Խաչատրյանը։ 2018 թվականի հունիսի 11-ից ՀՔԾ-ն ղեկավարող Խաչատրյանը մրցույթում ամենաշատ միավորներն է ստացել։

«Սասուն Խաչատրյան - ընդհանուր միավորների հանրագումարը 308, բարեվարքությունը` 115: Դավիթ Մկրտումյան - ընդհանուր հանրագումարը` 257, բարեվարքությունը` 121, Գառնիկ Թորոսյան - ընդհանուր հանրագումարը - 202, բարեվարքությունը` 107», - ներկայացվեց հարցազրույցի փուլից հետո:

Այժմ ընտրությունը վարչապետինն է։ Ըստ օրենքի՝ գործադիրի ղեկավարը թեկնածուներից մեկին պետք է նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Շատ չանցած կսկսի գործել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմինը։ Կդադարի գործել 2007 թվականին ստեղծված Հատուկ քննչական ծառայությունը։

Դեռևս գործող նախաքննական մարմնի ղեկավարն այսօր մյուս թեկնածուների նման պատասխանեց մրցութային խորհրդի հարցերին։ Պարզվեց՝ Խաչատրյանը մեքենա չի հայտարարագրել, բայց վարում է, ոչ իրենը։ Վստահեցրեց, թե կնոջ եղբոր մեքենան է՝ «Պորշ կայեն» (Porsche Cayenne)։

«Վերջին երկու տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը շատ հազվադեպ եմ վարում, և նա մի քանի ավտոմեքենաներ ունի, բավականին ապահովված տղա է: Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ: Ավտոմեքենա եթե վարելու անհրաժեշտություն է լինում, խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ», - ասաց Խաչատրյանը:

Մյուս թեկնածուն էլ սեփական մեքենա չունի, փաստաբանի արտոնագիր ունեցող, երկար ժամանակ ոստիկանության համակարգում աշխատած Գառնիկ Թորոսյանն ասաց, թե կնոջ մեքենան է վարում անհրաժեշտության դեպքում։ Թորոսյանն սկզբում փաստաբանական ընկերություն է ստեղծել, հետո դարձել է անհատ ձեռներեց, բայց վստահեցրեց, թե հիմնականում հարազատներին ու ծանոթներին է փաստաբանական աջակցություն տրամադրում։ Վերջին ամսում է միայն ոչ ծանոթներին ծառայություն մատուցել ու շահույթ ստացել։

«Երբ դիմում են հարազատներ, մոտիկներ ու բարեկամներ, այդ դեպքում ընդառաջում եմ և փորձում եմ օգնել այդ հարցում իմ գիտելիքների ու ուժերի ներածին չափով», - ասաց նա:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մյուս թեկնածուն իրավաբանական կրթություն չունի, Դավիթ Մկրտումյանը ֆինանսների մագիստրոսի աստիճան է ստացել, աշխատել է բանկային համակարգում, 2021-ի ապրիլից մինչ օգոստոսն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է եղել։ Մինչ այդ 6 տարի աշխատել է Կենտրոնական բանկում և գործատուի նախաձեռնությամբ հեռացվել աշխատանքից:

Մրցութային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանին հետաքրքրում էր՝ ի՞նչն է պատճատը։ Թեկնածուն հայտնեց, թե այս գործը դատարանում է, և ինքը շատ մանրամասներ չի կարող ներկայացնել: Այնուամենայնիվ, ասաց, որ միայն 2019-ին է գործատուն իր աշխատանքը ոչ բավարար գնահատել ու պատճառաբանեց, թե ինչու. «Որպես փաստ կարող եմ նշել որ պատճառը եղել է ինձ 2019 թվականի տարվա մեծ մասի ընթացքում աշխատանքային հանձնարարականներ չտալը կամ այն ծավալով չտալը, որը ներառում է իմ աշխատանքային պարտականությունները»:

Վարչապետը ներկայացված թեկնածուներից մեկին տասնօրյա ժամկետում է նշանակելու Հակակոռուպցիոն կոմիետի նախագահի պաշտոնում։

XS
SM
MD
LG