Մատչելիության հղումներ

Վաղը տեղի կունենա Պուտինի և Լուկաշենկոյի արդեն հինգերորդ հանդիպումը 2021-ին


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է այս տարվա ընթացքում նրա արդեն հինգերորդ դեմ առ դեմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս օրերին քաղաքական շրջանակներում խոսում են մոսկովյան հանդիպման ընթացքում ստորագրվելիք մի համաձայնագրի մասին, որով Բելառուսի ինքնիշխանությունը պետք է էապես սահմանափակվի:

Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն օրերս ասել է, թե Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության կայացման հարցով մոտ երկու տասնամյակ տևած բանակցային գործընթացում քննարկված նախագծերն ու ճանապարհային քարտեզը համաձայնեցվել են և կարող են վերջնական տեսքի բերվել Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ընթացքում:

Վերլուծաբանների համոզմամբ, այդ պայմանագրով երկու պետությունների միությունը կամրապնդվի, սակայն Բելառուսը կզիջի ինքնիշխանության զգալի մասն, ինչին ինքը Լուկաշենկոն անցած տարիների ընթացքում ամեն կերպ դիմադրել է:

Այդուհանդերձ անցած տարվա նախագահական սկանդալային ընտրությունների հետո վեցերորդ անգամ հաղթող հռչակված Լուկաշենկոն գրեթե ամբողջովին մեկուսացվել է միջազգային համայնքի կողմից:

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ բիրտ ուժ կիրառելու և գրեթե բոլոր քաղաքական մրցակիցներին բանտեր նետելու, անկախ մամուլը լռեցնելու, մարդու իրավունքները ոտնահարելու համար Բելառուսը ենթարկվել է կոշտ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների:

Արևմտյան երկրները հրաժարվում են ճանաչել Լուկաշենկոյի հաղթանակը և համագործակցել նրա ռեժիմի հետ, ինչի հետևանքով Բելառուսի միակ հուսալի քաղաքական և տնտեսական գործընկերը Ռուսաստանն է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG