Թբիլիսիի ոստիկանությունը երեկ ձերբակալել է մի անձի, ով կասկածվում է ավստրալուհի Շանեյ Բրուք Էդվարդսի սպանության մեջ:
Ոստիկանները հայտնել են, որ 33-ամյա կասկածյալին ձերբակալել են հանցագործության վայրից վերցված ԴՆԹ-ի նմուշների ստուգման պատասխանի շնորհիվ:
31-ամյա ավստրալուհին անգլերենի ուսուցչուհի էր, նա անհետացել էր հուլիսի 30-ին, նրա մարմինը՝ բռնության հետքերով, հայտնաբերել են մայրաքաղաքի Մտածմինդա այգում:
Նրա դաժան սպանությունը վրդովմունքի աննախադեպ հուժկու ալիք է բարձրացրել ամբողջ Վրաստանում:
Իրավապահները չեն հայտնում կասկածյալի անունը, սակայն, ըստ վրացական մամուլի, խոսքը Թբիլիսիի 33-ամյա բնակիչ Ռաֆայել Մուրսակուլովի մասին է:
Կասկածյալին ոստիկանության բաժանմունքից պետք է փոխադրեն նախնական կալանքի վայր:
Թբիլիսիի ոստիկանության վարչության ղեկավարի տեղակալ Կախա Մուրադաշվիլին ասել է, որ իրավապահները հայտնաբերել են նաև դանակը, որով կասկածյալը ենթադրաբար սպանել է Շենեյ Էդվարդսին: