Մատչելիության հղումներ

Փարիզում մեկնարկում է 2015 թվականի ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը


Լրագրողները Փարիզի Արդարադատության պալատի շենքի մոտ, 8-ը սեպտեմբերի, 2021թ․
Լրագրողները Փարիզի Արդարադատության պալատի շենքի մոտ, 8-ը սեպտեմբերի, 2021թ․

Փարիզի Արդարադատության պալատում այսօր մեկնարկում է 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, այն երկրի տարածքում երբևէ անցկացված ամենախոշոր դատական պրոցեսն է լինելու։

Լսումների ընթացքում դատարանը պետք է լսի տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող ավելի քան 300 փաստաբանների հայցերը։

Ահաբեկչական հարձակումների փաստով հարուցված քրեական գործի ընդհանուր ծավալը հասնում է 542 հատորի՝ ավելի քան մեկ միլիոն էջ։ Դատավարությունում ներգրավված է մոտ երկու տասնյակ մեղարյալ, որոնցից նիստերին ներկա են գտնվելու 14-ը։

Առանցքային մեղադրյալը՝ հարձակումների անմիջական հեղինակներից միակ ողջ մնացած ահաբեկիչը՝ ծագումով մարոկացի Սալահ Աբդեսալամը ևս ներկա կգտնվի դատարանի դահլիճում։

130 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողությունները Փարիզում տեղի էին ունեցել 2015 թվականի նոյեմբերի 13-ին։ Դրանց ընթացքում իսլամիստ ահաբեկիչները միաժամանակյա հարձակումներ էին իրականացրել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշատի մերձակայքում, «Բատակլան» համերգասրահում և փարիզյան մի շարք սրճարաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG